«Ադրբեջանը փորձում է ուղղորդել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը». Եվսեև      

«Բանակցությունների ներկայիս ինտենսիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս»,- այսօր այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին և հնարավոր արդյունքներին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Գիլմորը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և ներկայումս քննարկվում է դրա հնարավորությունը: Առաջին անգամ Վաշինգտոնի այդպիսի առաջարկի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր անց: Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկություններին անդրադառնալով՝ ասել էր, որ կհայտնեն հանդիպման մասին, երբ այն լիարժեք հաստատված լինի բոլոր կողմերի կողմից։

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ լուրջ բեկումներ առաջիկա կարգավորման հանդիպումներում չեն ակնկալվում։ Ըստ նրա՝ նախարարները կհանդիպեն, կշարունակեն շփումները գուցե նաև ամենաբարձր մակարդակով, կշարունակեն երկարաձգել ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացում, որը ոչ մի լուրջ արդյունքի չի հանգեցնելու, քանի որ կողմերը պատրաստ չեն զիջումների: Ավելին՝ ունեն առավելապաշտական ակնկալիքներ Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։

Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանն իր քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է երկարաձգում, սպասում է ՀՀ-ի ներսում իրադարձությունների այնպիսի զարգացումների, որոնք կլինեն նպաստավոր ադրբեջանամետ կարգավորման համար։

«Այդ ընթացքում հարկավոր է նաև զուգահեռաբար բանակցային գործընթաց վարել, որոշ թեմաներից խոսել, կարգավորման ծրագրեր առաջ քաշել, հայկական տրամադրությունները ստուգել և ժամանակ շահել։ Այդ պատճառով ադրբեջանական կողմը ներկայումս ցանկանում է շարունակել գործընթացը, կրկին ինչ-որ առումով իր օրակարգն է փորձում առաջ մղել, որին դեմ է հայկական կողմը։ Հետևելով այն տեղեկատվական արշավին, որն ադրբեջանական կողմն է իրականացնում վերջին շրջանում նախարարական հանդիպումից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ կա որոշակի նախաձեռնություն Ադրբեջանի կողմից, որի նպատակը, ինչպես ասացի, կարգավորման սեփական օրակարգի առաջմղումն է։ Հայկական կողմն էլ իր օրակարգն է իրականացնում՝ Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունների և հումանիտար նախաձեռնությունների տեսքով։ Բանակցային գործընթացում այս ակտիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս, սակայն այս ընթացքում ոչ մի րոպե պատերազմի վերսկսման սպառնալիքը չի վերանում»,- ասաց Եվսեևը։

Նրա կարծիքով՝ կարևոր չէ, թե որտեղ են հանդիպում կողմերը, քանի որ միջնորդները միմյանցից անկախ կարգավորման ծրագրեր չունեն, պարզապես այս կամ այն փուլում միջնորդներից մեկն է նախաձեռնողականություն ցուցաբերում մյուսների համաձայնությամբ։

«Ուստի Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն՝ կարևոր չէ, միջնորդների համար կարևորը բանակցությունների ներկայիս ինտենսիվությունը շարունակելն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս