«Գնացե՛ք, էդ մարդկանց կենցաղային պայմանները տեսեք ու կհասկանաք՝ արդյո՞ք իրենք կոռուպցիոներներ են, թե՞ ոչ». Դավիթ Ադյան
«Բացառում եմ ինչպես Դավիթ Սանասարյանի, այնպես էլ ՊՎԾ մյուս երկու աշխատակիցների մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը։ Տեղեկացնենք, որ Դավիթ Ադյանը Հեմոդիալիզի քրեական գործով մեղադրյալ Սամվել Ադյանի ազգականն է։
«ՊՎԾ ղեկավարի ու Սամվել Ադյանի տեսակի մասին… Գնացե՛ք, էդ մարդկանց կենցաղային պայմանները տեսեք ու կհասկանաք՝ արդյո՞ք իրենք կոռուպցիոներներ են, թե՞ ոչ »,- հավելեց նա։
168.am-ի ճշգրտող հարցին, թե՝ նման կարծիքի պարագայում արդյո՞ք նա համարում է, որ գործն ուղղորդված է, Դ. Ադյանը չցանկացավ որակումներ տալ։
«Մենք իրավապահ մարմինների հանդեպ մեր հարգալից վերաբերմունքը չպիտի կորցնենք մեր անձնական կարծիքի պատճառով»,- ասաց Ադյանը։
Ի դեպ, Դավիթ Ադյանը մանրամասներ հայտնեց նաև Սամվել Ադյանի մասին։
«Ինքը էնպես է հիասթափվել պետական ապարատից, որ ամբողջ կյանքում երևի էլ չի աշխատի պետապարատում»,- ասաց նա։
Հիշեցնենք Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։
Ավելի վաղ ազատ են արձակվել սույն քրեական գործի շրջանակում կալանավորված ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը եւ նրանց օժանդակող «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը:
Ապրիլի 18-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Զարուհի Դիլանյան