
Ոստիկանությունը՝ գիշերը Երևանում տեղի ունեցած սպանության դեպքի մասին

Մայիսի լույս 1-ի գիշերը, 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։
Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացավ։
Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։
Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։
Շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 11 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզեցին կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվեց իր բնակարանում ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ 31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։