Բռնադատվածների վարկային պարտավորությունները կներվեն
ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվել էր արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 % տոկոսադրույքով վարկ՝ 1 մլրդ 272 մլն 94 հազար 607 դրամ ընդհանուր գումարով:
Հաշվի առնելով վարկառուների սոցիալական վիճակը, ՀՀ կառավարության կողմից 2010թ. և 2013թ. ընդունվել են վարկերի մարման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ որոշումներ, որոնց հիման վրա երկարաձգվել են վարկային պարտավորությունների գծով սահմանված վճարման ժամկետները, ամբողջ ծավալով զիջվել են վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները, ինչպես նաև մինչև վերը նշված որոշումների ուժի մեջ մտնելը հաշվարկված ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը:
10.09.2018 թվականի դրությամբ վարկառուների կողմից մարվել է 201 մլն 248 հազար 968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել 43 մլն 212 հազար 535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար: 19 վարկառուներ վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամ գումարի չափով, ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարել են, իսկ թվով 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 10.09.2018 թ. դրությամբ կազմում է 343 մլն 138 հազար 920 ՀՀ դրամ, որից 230 մլն 130 հազար 276 ՀՀ դրամը՝ վարկի մայր գումար, 36 մլն 662 հազար 626 ՀՀ դրամը՝ տոկոսագումար, իսկ 76 մլն 346 հազար 18 ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:
114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել:
ՀՀ կառավարությունը նախատեսում է վաղվա նիստում ներել չմարված գումարը՝ ձևակերպելով՝ որպես ՀՀ կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական ֆինանսական աջակցություն: Նախագիծը կներկայացնի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Զարուհի Բաթոյանը։
«Խնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: