Բաժիններ՝

Աջափնյակի թաղապետն իր տեղակալին աշխատանքից չի ազատի

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը որևէ հիմք չի տեսնում իր տեղակալ Արամ Մանուկյանի աշխատանքից հեռացման համար: 168.am-ի հետ զրույցում Գ. Բաբայանը նշեց, որ Մանուկյանի հետ չի քննարկել նրա ֆեյսբուքյան վարքագիծը:

Ա. Մանուկյանը, հիշեցնենք, հերթական աղմկահարույց գրառումներն էր արել իր ֆեյսբուքյան էջում, ապա արգելափակել այն։ Այս անգամ Մանուկյանն ակնհայտ հակակրանք է ցուցաբերել ՊՎԾ-ի հանդեպ, սպառնացել ԱԱԾ-ին, ընդհուպ՝ կասկածի տակ է դրել հեղափոխության իրական լինելը: «Տպավորությունա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք»,- գրել էր նա։

Այս ամենից հետո Մանուկյանն իր դիմումի համաձայն 1 ամսով չվճարվող արձակուրդի է մեկնել:

Գ. Բաբայանի բնորոշմամբ՝ Մանուկյանն աշխատանքից դուրս աշխատանքի հետ կապ չունեցող գրառում է արել, որն իր իրավունքն է:

«Ես գնահատում եմ մարդու աշխատանքը աշխատավայրում, իսկ պարոն Մանուկյանն իր աշխատանքային պարտականությունները շատ լավ է կատարում»,- ասաց Աջափնյակի ղեկավարը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթներից մեկում ասել էր, որ պաշտոնյաներ կան, որ դեռ ակտիվիստի դերում են, արդյո՞ք Մանուկյանն այդ պաշտոնյաներից մեկն է, Գ.Բաբայանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել: Ես նրան աշխատանքից ազատելու ոչ մի հիմք չունեմ: Եթե իր սեփական դիմումի համաձայն կցանկանա ազատվել աշխատանքից, կքննարկենք»:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Նիկոլ Փաշինյանի թիմակից Արամ Մանուկյանը ավելի վաղ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի վերաբերյալ սկանդալային գրառում էր արել՝ թաղապետ Գևորգ Բաբայանին որակելով՝ «անթասիբ ու անինքնասեր».

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել էր նա ու անհետացել ֆեյսվբուքից։ Հետո, հայտնվելով, հայտարարեց՝ իբր իր հեռախոսը գողացել են ու իր փոխարեն գրառում կատարել թաղապետի հասցեին, ու շարունակեց թաղապետի տեղակալի պաշտոնում աշխատել:

Երեկ էլ Մանուկյանն իր ֆեյսբուքյան հերթական նոր էջում գրառումներ էր կատարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այդ կառույցի տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ և ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի։ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։ Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նույն Արամ Մանուկյանը 2018թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ակցիայի ակտիվ մասնակիցներից էր: Իսկ ակցիան, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության համակիրների կողմից էր կազմակերպվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս