«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկություն է». Դավիթ Սանասարյան

«Որ աղբյուրը, որ կներկայացնի  կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս՝ էքսկլյուզիվ իրենց լրատվամիջոցում ձեռքս կկտրեմ։ Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկություն է. արվում է նրա համար, քանի որ տեսնում են՝ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես կարող եմ որևէ ձևով կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով լուրերին, թե կա տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը տրցակներով փող վերցնում՝ նկատեց Սանասարյանը։

«Դուք գիտեք, որ Դատախազությունում գործ հարուցվեց հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված. ես ի սկզբանե ասել եմ, որ մեր նպատակը եղել է միայն ու միայն գնումների մասին օրենքին համապատասխանեցնելը  պետական գնումները. տվյալ պարագայում բժշկական կենտրոնների կողմից էդ  հեմոդիալիզի պարագաների  գնման հարցը։  Կարող եմ ասել՝ Դատախազությունը մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք»,- շարունակեց Սանասարյանը՝ տեղեկացնելով, որ, երբ ՊՎԾ առաջարկն ընդունել է ԲԿ-ներից մեկը՝ պետությունը հենց մի մրցույթի մասով 13 միլիոն դրամով շահել է։

«Բայց նույն Վանաձորի ԲԿ-ն նախորդ տրամաբանության հունով շարժվեց, 30 տոկոս ավելի թանկ գնով տեղի ունեցան գնումները։ Այնպես որ, ես շատ վստահ եմ, որևիցե վայրկյան չեմ կասկածում,  որ էս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցում. եթե այդպես գնաց,  բավականին լուրջ նոր  պայքար է սկսվելու նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու»,- տեղեկացրեց ՊՎԾ նախկին պետը։

Տեղեկացնենք, որ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասուլիս է հրավիրել: Ասուլիսին մասնակցում են նաև Սանասարյանի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանն ու Արսեն Սարդարյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք` ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս