Արտակ Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործի մասին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց, որ զերծ կմնա որևէ գնահատական տալուց: Նա միայն նշեց, որ Դավիթ Սանասարյանն իրականացնում է իր պաշտպանությունը:
«Ձեռնպահ կմնամ քաղաքական գնահատական տալուց, սպասենք դատական ակտի հրապարակմանը: Եթե այստեղ կա վեճ, ապա դրա լուծում տվողը Արդարդատության նախարարությունը չէ»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական ապաստան խնդրելուն, Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ նա ձերբակալվել է ՌԴ-ում և մինչև Հայաստանի իրավապահներին հանձնելը՝ իրացրել է իր իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելով:
«Ինչպես կավարտվի՝ նրանք կտա՞ն քաղաքական ապաստան, թե՞ ոչ, սա ՌԴ-ի սուվերեն իրավունքն է: Քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն էլ անձինն է, թե սա որքան է հայրենասիրական և բարոյական՝ սուբյեկտիվ գնահատականի տիրույթում է»,- եզրափակեց Արդարադատության նախարարը:
Զվարթ Խաչատրյան