
Ճապոնիայի կայսրը վերջին անգամ է ներկայացել հանրությանը գահից հրաժարվելուց առաջ

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին ապրիլի 26-ին վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարումը: Նրանք մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների եւ այն գիտնականների՝ Տուկիոյում կայացած պարգեւատրման արարողությանը, որոնք լուրջ արդյունքների են հասել կենդանի բնության ուսումնասիրման բնագավառում։
Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, այժմ 85-ամյա կայսրը եւ 84-ամյա կայսրուհին մինչեւ ամսվա վերջը կհանգստանան Տոկիոյի կենտրոնում գտնվող իրենց պալատական համալիրում: Ապրիլի 30-ին նրանք այնտեղ կմասնակցեն գահից հրաժարման պաշտոնական արարողությանը:
Այնտեղ իշխանության երեք ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի եւ Գերագույն դատարանի ղեկավարների ներկայությամբ կայսրը կարտասանի հրաժեշտի ճառը:
Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, Տոկիոյում կկայանա Ակիհիտոյի 59-ամյա ավագ որդու՝ ներկայիս գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի գահակալության հանդիսավոր արարողությունը: Այդ առիթով հիմնական միջոցառումները պլանավորված են հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: