«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժպիտով եմ վերաբերվում դրան՝ քաղաքական ապաստան, գեներալ…». Հայկ Գևորգյան
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժպիտով եմ վերաբերվում դրան՝ քաղաքական ապաստան, գեներալ… Թե ինչպես դարձավ գեներալ, դա էլ հարց է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Միհրան Պողոսյանի քայլը:
«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ ինքը ևս բացասական է վերաբերվում երևույթին՝ որպես ՀՀ քաղաքացի. «Ամենևին ցանկալի չի, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, պետական գաղտնիքի կրողը, որոշ իմաստով, ապաստան է խնդրում այլ երկրից»:
Նրա կարծիքով՝ սա որևէ կերպ չի հարվածի ՀՀ միջազգային հեղինակությանը, հակառակը՝ եթե մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է որևէ հանցագործության մեջ, դատական համակարգով փորձ է արվում արդարությունը վերականգնել, դա խոսում է այն մասին, որ այդ երկրում ինչ-որ բան է փոխվել, ու արդարադատությունը սկսել է աշխատել.
«Եթե դա որևէ մեկի մոտ կարող է բացասական տրամադրություններ առաջացնել, ուրեմն խնդիրը ոչ թե մեզ մոտ է, այլ իրենց մոտ է: Ես չեմ կարծում, որ այդ հարցով մենք ինչ-որ բացասական հետևանքներ ունենանք»,- ասաց Բ.Թունյանը:
Հարցին, որ Միքայել Հարությունյանի հարցով ՌԴ-ն իր որոշումը կկրկնի՞ Միհրան Պողոսյանի դեպքում, Հ.Գևորգյանը պատասխանեց, թե հարց է՝ ինչպես է Մ.Հարությունյանը դարձել ՌԴ քաղաքացի, ինչպես է ՌԴ քաղաքացին հայտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում.
«Դա աբսուրդ է ուղղակի: Այդ դեպքերը տարբեր են, Միհրան Պողոսյանը, որքան ինձ հայտնի է, ՀՀ քաղաքացի է և չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, իսկ ՌԴ օրենքներով իրենք չեն կարող արտահանձնել իրենց քաղաքացուն»: