 
                        ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի դեմ
 
                                    Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ: Համապատասխան հայտարարությունը նա ապրիլի 24-ին արել է Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ։
«Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բոլոր նրանք, որոնք մտնում են Լիմայի խմբի մեջ, պետք է պատժամիջոցներ սահմանեն»,- ասել է Ալմագրոն, որի խոսքը մեջբերում է EFE գործակալությունը:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հավելել է, որ պատժամիջոցները չեն ազդում Բոլիվարյան Հանրապետության բարդ հումանիտար իրադրության վրա: «Պարենի պակասը (Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգի գործողությունների հետեւանքն է, որն սկսել է երկիրը ղեկավարել պատժամիջոցների սահմանումից առաջ»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        