«Ես պարզ ու հստակ կարող եմ նայել բոլորի աչքերին, իսկ եթե ինչ-որ մարմիններ ուզենան խոսել, ես պատրաստ եմ»․ Ռուբեն Վարդանյան
«Հայրս լավ բան էր ասում, ասում էր՝ եթե լավ բան ես անում, պատրաստ եղիր ստանալ վատություն: Ես վստահ եմ, որ շատերի մոտ «Ավրորան» նեգատիվ էմոցիաներ է բերում: Այն, ինչ հիմա դուք անում եք, ջուր եք լցնում հակառակորդի ջրաղացին»,- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսպես արձագանքեց լրագրողի այն հարցին, թե Վարդանյանի անունը հոլովվելով փողերի լվացման հետ կապված գործում՝ մարդկայնորեն չի՞ ընկճում նրան՝ ազդեցություն թողնելով նաև «Ավրորայի» վրա:
«Իմ ծնողներն ինձ սովորեցրել են գործով ամեն ինչ ցույց տալ: Ես պարզ ու հստակ կարող եմ նայել բոլորի աչքերին, իսկ եթե ինչ-որ մարմիններ ուզենան խոսել, ես պատրաստ եմ»,- հավելեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը հրապարակում էր ներկայացրել այն մասին, որ Ռուսաստանում Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար:
Ըստ «Հետք» պարբերականի՝ Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակներն օրինականացրել են իրենց ֆինանսները՝ օգտագործելով նաև հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։ Հայաստանի գլխավոր դատախազությունն անցած ամսվանից ուսումնասիրում է «Հետքի» հոդվածը, այս պահին քրեական գործ հարուցված չէ։
Հիշեցնենք նաև, որ Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ «Տրոյկա լվացքատուն» հրապարակումների վերաբերյալ, որոնք մարտի 4-ին լույս էին տեսել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում՝ OCCRP նախագծի շրջանակում: Հայտարարության մեջ ասված էր.
«Մեկնաբանելով պարոն Վարդանյանին և «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի գործունեությանը վերաբերող հրապարակումները, կարող ենք ասել հետևյալը:
«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբն իր գոյության ողջ ընթացքում գործել է թափանցիկության սկզբունքներին և ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձևավորմանը:
2012 թվականին Սբերբանկին «Տրոյկա դիալոգը» վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ և միջոցներ է հատկացրել մեկենասությանը: Իսկ կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականներին: Ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ