Բաժիններ՝

Ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրինագծի կապակցությամբ առաջարկներ են արվել

Ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրինագծի քննարկումների առաջին փուլն ավարտվեց՝ օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումով։ Խնդրի շուրջ շարունակեցին մնալ հարցականներ. արդյո՞ք ներկրվող ցեմենտը՝ հարկելու, իսկ ցեմենտահումքը՝ կլինեկերը չհարկելու պատճառով տեղական արտադրողները շահագրգռված կլինեն արտադրել ցեմենտ և ոչ թե՝ ներկրել կլինկեր, ի՞նչ ճակատագիր է սպասվում կառուցապատող-ներմուծող-տեղական արտադրող եռանկյունում հայտնված ցեմենտի գործարանների աշխատակիցներին, որոնց թիվն «Արարատցեմենտ» ընկերության պարագայում հատում է 1200-ը։

Հարցերի պատասխաններն ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորն ակնկալում է լսել թեման ուսումնասիրող ենթահանձնաժողովից։ «Պետք է սպասել ստեղծվող ենթահանձնաժողովին. նոր ասելիք չկա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը, ով, լինելով Արարատի մարզից՝ խորապես տեղյակ է խնդրի թե՛ մարդկային, թե իրավական կողմին։

Մամուլում ցեմենտի տուրքի քննարկումների ընթացքում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ գործընթացների ետևում կանգնած է Թոխմախի Մհերը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը։

Ըստ «Ժամանակ» թերթի՝ վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտն արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում: Կլինկերի ներմուծումը հարկումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար և, նույնիսկ, ավելի շահավետ վիճակում, և իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից:

«Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Սոս Ավետիսյանը հերքեց օրինագծի մասով կուլիսային պայմանավորվածությունների մասին մամուլում շրջանառվող այս լուրերը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ առաջարկներ են արվել մինչև երկրորդ ընթերցում։

Հիշեցնենք, որ օրինագծի քննարկման համար ստեղծվող ենթահանձնաժողովի մասին խոսել էր ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ով  տեղեկացրել էր, որ այնտեղ ներկայացված են լինելու ցեմենտ արտադրող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները, մասնագետներ, աուդիտորներ և այլք։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս