Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանին պետք է անհապաղ ազատ արձակել, որպեսզի նա ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա և վերականգնվի». Փաստաբան

ՄԻԵԴ-ը չի մերժել մեր դիմումը, այսինքն՝ մերժել է միայն միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։ Այնտեղ բարձրացված հիմնական հարցը Մանվել Գրիգորյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է, մինչև Եվրոպական դատարան հասնելու նախորդ օրը պետությունն արդեն մեր պաշտպանյալին տեղափոխել էր քաղաքացիական հիվանդանոց։ Տվյալ պարագայում աննորմալ կլիներ, եթե Եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցներ կատարել այնպիսի բան, որը փաստաբանների դիմումի համաձայն՝ արդեն կատարել էր։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից Մ. Գրիգորյանի գործի հետ կապված միջանկյալ միջոցի չկիրառմանը։

Ըստ նրա՝ այստեղ այլ խնդիր է, թե պետության շարժառիթները որոնք են եղել, որ դա կանխարգելիչ միջոց է կիրառվել, որ ՄԻԵԴ-ը չպարտավորեցնի, ինչը հանրությանը ներկայացվում է՝ որպես փաստաբանների դիմումի մերժում։

«Բնականաբար, ցանկացած դիմում պետք է մերժվի, եթե դրանով բարձրացված պահանջն արդեն իսկ կատարված է»,- հավելեց Ա. Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի փաստաբանը դատարանից և իշխանություններից պահանջել էր, որպեսզի իր պաշտպանյալին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և հետագա բուժման համար թույլ տան մեկնել Ֆրանսիա։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, փաստաբանը նկատեց՝ նրա առողջական վիճակը ծանր է, որի մասին բազմիցս ասել է։ Առողջական վիճակն օրեցօր ծանրանում է, քանի որ նա գտնվում է փակ տարածքում, և, ըստ Ա. Մկրտչյանի՝ բոլորովին էլ պետք չէ պրոֆեսոր լինել՝ հասկանալու համար, որ շաքարային դիաբետի լավագույն պրոֆիլակտիկան և կանխարգելիչ միջոցը շարժունակ կենսակերպն է։

«Միայն կալանավորման հետևանքով է, որ Մանվել Գրիգորյանի մոտ զարգացել է շաքարային դիաբետը։ Այսինքն՝ Մանվել Գրիգորյանին պետք է անհապաղ ազատ արձակել, որպեսզի նա ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա և վերականգնվի։ Այլապես այն, ինչ հիմա փակ տարածության մեջ բժիշկների հսկողության տակ հնարավոր է անել՝ ինսուլինի ավելացումով գլյուկոզայի ցուցանիշն արյան մեջ պահել այն չափը, ինչն իրենով արդեն վտանգավոր է։ Այդ  պատճառով էլ, բժշկական միջամտությունից զատ, անհրաժեշտ է Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը։ Ինչ վերաբերում է քաղցկեղին, մենք պնդում ենք և նախկինում էլ պնդել ենք, որ անհրաժեշտ է  այնպիսի հետազոտություն անել, որը, համաձայն փաստաբանների գրավոր հարցմանը՝ Առողջապահության նախարարությունից ստացած պատասխանի, Հայաստանում չի իրականացվում։

Նրա առողջական վիճակը միտումնաբար դատավորներ Արսեն Նիկողոսյանի և Մարինե Մելքոնյանի ձեռքով վատթարացվել է»,- շեշտեց Ա. Մկրտչյանը։

Հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ Ֆրանսիայից Հայաստան է եկել Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկը, նա տեսե՞լ է Մ. Գրիգորյանին, ի՞նչ է ասել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ այդ բժիշկը նրան պարբերաբար այցելել է և միշտ հայտնել է այն կարծիքը, որ անհրաժեշտ է շուտափույթ նրան տեղափոխել Ֆրանսիա՝ համապատասխան հետազոտություն անցկացնելու համար։

«Խոսքը քաղցկեղի վիրահատությունը կատարած բժշկի մասին է, ընդ որում՝ Ֆրանսիայի բժիշկները պատրաստակամություն են հայտնել իրենց տեսակետն ու կարծիքը հայտնել նաև դատարաններին, այդ թվում՝ միջազգային»,- եզրափակեց փաստաբանը։

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նրան մարտի 25-ին կրկին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բուժվում է մինչև օրս։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս