Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՄԻՊ-ին. «Փաստինֆո»

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանական խումբը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին` Գեւորգյանի խախտված իրավունքների վերականգնման համար: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից.

«Ինչպես գիտեք, ներկա պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է մեր բողոքը` քննիչի այն որոշման դեմ, ըստ որի` Արմեն Գեւորգյանի ողջ գույքի վրա արգելանք է դրվել: Քրեական դատավարական գործիքակազմից զատ մենք որոշել ենք դիմել ՄԻՊ-ին, որպեսզի նա, որպես անկախ պաշտոնատար անձ, իր լիազորությունների սահմաններում ձեռնարկի համապատասխան միջոցներ Գեւորգյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-նշում է Ալեքսանյանը:

Նա պնդում է` կիրառված արգելանքը անհամաչափ է. «Քննիչի որոշումը ապօրինի է, որովհետեւ նա չի որոշակիացրել նպատակը, որով ամբողջ գույքի վրա կալանք է դրել, այդ պատճառով էլ մենք ստիպված ենք եղել մեր բողոքում վիճարկել բոլոր նպատակները»:

Պաշտպանը հիշեցնում է` Գեւորգյանի գույքի վրա արգելանք է դրվել նրան առաջադրված ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի շրջանակում. «Մենք նշում ենք, որ այդ մեղադրանքի շրջանակում գույքի վրա արգելանք կարող էր դրվել միայն դատական ծախսերի ապահովման նպատակով, մյուս բոլոր նպատակներով չէր կարող»:

Էրիկ Ալեքսանյանը խոսքով` օրենսդրությամբ սահմանված նպատակները չորսն են. «Որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է նախատեսվել գույքի բռնագրավում, ինչը այդ հոդվածի շրջանակում չկա, քաղաքացիական հայց գործով հարուցված չի եղել, այսինքն` այդ նպատակով եւս չէր կարող արգելանք դրվել, գույքի բռնագրավման նպատակով  նույնպես չէր կարող, որովհետեւ այդ նպատակի դեպքում անձը պետք է հանցանքը կատարելու արդյունքում անուղղաի կամ ուղղակի ստանա գույք, ինչը այդ հոդվածի շրջանակում հնարավոր չէ, հետեւաբար` մնում է դատական ծախսերի ապահովումը, սակայն այս դեպքում էլ քննիչը պարտավոր էր նշել կոնկրետ գույքը եւ արժեքը, որը բավական է այդ ծախսերը ապահովելու համար, ինչը չի արվել»:

Պաշտպանի փոխանցմամբ` քննիչը վկայակոչել է միայն ՀՀ ՔՕ-ի 232-րդ հոդվածը, որը սահմանում է գույքի վրա կալանք դնեու բոլոր նպատակները, ուստի իրենք դիմել են ՄԻՊ` որոշումն ամբողջությամբ վերացնելու համար. «Գտնում ենք, որ ՄԻՊ-ի աջակցությունն այս պարագայում անհրաժեշտ է, եւ խնդրել ենք, որ նա իր լիազորությունների սահմաններում օգնի մեզ իրականացնել համապատասխան քայլեր մեր խախտված իրավունքների վերականգնման համար:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս