«Կան չիրականացրած խոստումներ, սուտ քաղաքականություն և ֆեյք կառավարություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի». Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ դեռևս մեկ տարի առաջ, երբ Հայաստանում շանտաժի ու սպառնալիքի ներքո տեղի ունեցավ իշխանազավթում, նոր իշխանությունների ներկայացրած կառավարության ծրագրի ժամանակ հստակ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ լինել Կառավարություն, կամ՝ հեղափոխական կոմիտեի՝ նեոբոլշևիզմի ղեկավար։

«Այս մեկ տարին մեզ բավարար էր, որպեսզի մենք գիտակցենք և հասկանանք, որ մենք ունենք ոչ թե Կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Կառավարության ղեկավարը փորձում է նախկին կառավարության դրականը վերցնել, օգտագործել և այդ դրականի վրա առաջընթաց ապահովել։ Հեղափոխական կոմիտեները ջնջում են նախկինը և ամեն ինչ փորձում են սկսել նորից։ Եվ սա հստակ է, որ մենք ունեցանք «Նոր Հայաստան», «Հին Հայաստան» քաղաքական մերժողականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը դեռևս մեկ տարի առաջ հանդես է եկել սուտ խոստումներով, և մեկ տարվա ընթացքում ակնհայտ է, որ մի շարք ոլորտներում կան չիրականացրած խոստումներ, սուտ քաղաքականություն և ֆեյք կառավարություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

«Փաշինյանն ասում էր, որ ինքն ունի կախարդական փայտիկ, և դրանով լինելու են շատ լուրջ փոփոխություններ, թռիչքային զարգացումներ, որի համար առնվազն անհրաժեշտ է երկնիշ տնտեսական աճ։ Իսկ արդեն Ամանորից հետո նա շրջանառության մեջ դրեց «տնտեսական հեղափոխություն» տերմինը։

Կարդացեք նաև

Նախ՝ «տնտեսական հեղափոխությունն» արդեն բլեֆ է, նման բան չի կարող լինել, քանի որ տնտեսությունն էվոլյուցիոն համակարգ է։ Ինչպե՞ս կարող է լինել «տնտեսական հեղափոխություն» և թռիչքային զարգացում, եթե համեմատության մեջ 2017 թվականին եղել է 429 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018 թվականին՝422 մլրդ դրամի՝ 7 մլրդ դրամով պակաս։ Ինչպիսի՞ թռիչքային զարգացում կարող է լինել, երբ աշխատատեղերը փակվում են, բյուջեում գրված է՝ 4,9 տոկոսով տնտեսական աճ, երբ մարդիկ խոսում են 50 հազար աշխատատեղերից, բայց իրականում դրանք չկան։ Այսինքն՝ մենք տնտեսության մեջ ունենք չկատարած խոստումներ, ունենք ավելի վատ տնտեսական վիճակ, ժողովուրդն ավելի վատ է ապրում, ներդրումները պակասել են։

Այն բոլոր հիմնարկեքը, որոնց ժապավենները Նիկոլ Փաշինյանն է կտրում, դրանք արվել են նախորդ իշխանության օրոք, այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ, այն զրո է»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ անվտանգության համակարգին՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ դեռևս փետրվարի վերջին վարչապետ Փաշինյանն Իրան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, սակայն մինչև օրս ուժային որևէ կառույց որևէ գործողություն չի կատարել։

Ըստ  Էդուարդ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանից նույնիսկ պահանջել է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները, սակայն վարչապետը լռում է։

«Կա՛մ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետությանը և իր պաշտոնին, կա՛մ  այսօրվա մեր քաղաքական իշխանությունը տառապում է քաղաքական իմպոտենցիայով։ Որովհետև անհնար է՝ մի երկրում ղեկավարը խոսի օտարերկրյա գործակալների՝ շպիոնների  մասին, և լինի զրո արձագանք։ Բացի այդ, օրերս Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը հայտարարեց, որ առաջնագծում ունենք լուրջ խնդիրներ, սա ես չեմ ասում, իրենք են ասում։ Սա խայտառակ իրավիճակ է։ Վարչապետն ասում է՝ օտարերկրյա գործակալներ կան, ուժային կառույցները ոչինչ չեն անում, վարչապետից պահանջում ենք անուններ տալ՝ լռում է, և այդ վարչապետն իրավունք ունի՞ աշխատելու»,- հավելեց Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս