
Թրամփը և Սի Ցզինպինը կարող են առևտրական համաձայնագիրը մայիսին ստորագրել Ճապոնիայում. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում է, կկայանա մայիսին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Նրա աղբյուրների խոսքով՝ դա այն հնարավորություններից մեկն է, որոնք դիտարկում են կողմերը: CNBC հեռուստաալիքը նույնպես նշում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների գագաթնաժողովը կարող 1 կայանալ Ճապոնիայում: Նրա աղբյուրների խոսքով՝ Պեկինը հանդես է գալիս Թրամփի եւ Սի Ցզինպինի այդ հանդիպումն Ասիայում անցկացնելու օգտին: ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ առաջարկում էին գագաթնաժողովը կազմակերպել Ֆլորիդայի նահանգում Թրամփի Մար-ա-Լագո քաղաքամերձ կալվածքում:
The Wall Street Journal թերթն ապրիլի 17-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը առեւտրական համաձայնագրի վերջնական տարբերակը կարող են ստորագրել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Նրա տվյալներով՝ կողմերը դրանից առաջ մտադիր են անցկացնել կոնսուլտացիաների եւս մի քանի փուլ:
Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթայզերը եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը պլանավորում են Պեկին այցելել մոտավորապես երկու շաբաթից: Դրանից մեկ շաբաթ անց Վաշինգտոն կժամանի Չինաստանի պատվիրակությունը՝ երկրի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: