«Մեզ ասում են՝ դուրս եկեք, նա պետք է աշխատի». Ինստիտուտի ղեկավարը՝ Կառավարության որոշման մասին
ՀՀ կառավարությունը մարտի 29-ին հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին:
Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանի փոխանցմամբ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում երկու լաբորատորիա է աշխատում: Կա նաև միջազգային պայմանագրով աշխատող հետազոտական խումբ, որոնց համար անհրաժեշտ պայմանները ստեղծվել են միջազգային պայմանագրի գումարներով:
«Մենք տարեկան 300-400 գիտական աշխատանք ենք հրատարակում, ունենք նաև դեղերի արտադրություն՝ սեփական մշակումների հիման վրա: Երկու միջազգային պայմանագիր կա, մեկը ծիլ է տալիս, մարդիկ ուզում են նոր պայմանագիր կնքել մեզ հետ, իսկ Կառավարությունը մեր մասին չի մտածում, ամեն ինչը շենքում գտնվող այլ ընկերությունների հետ է կապում: Մենք պետք է հանձնենք շենքը, ու ոչ թե մի քիչ, այլ շատ նեղվենք, որովհետև այնտեղ ունենք բավականին լավ սարքած լաբորատորիա, որի գումարները դրսից էին բերված: Հիմա ի՞նչ ենք անելու»,- մեզ հետ զրույցում ասաց Վիգեն Թոփուզյանը:
Ինստիտուտի ղեկավարի փոխանցմամբ՝ նախքան այս որոշումը հանդիպել են կառավարության ներկայացուցիչներին, խոստացել են, որ հանձնաժողով կլինի, որը մինչև վերջ նորմալ չի աշխատել:
«Հիմա շվարած, նստած ենք: Հա, հասկացանք, տեղափոխվենք, բա որ հետո գան ասեն՝ սա էլ ենք ուզում, սա էլ ենք տանում: Այսպես չի կարելի: Լաբորատորիայի տեղափոխությունը 6-8 ամսվա քրտնաջան աշխատանք է պահանջում: Քիմիական լաբորատորիայում 300-400 տարբեր սրվակներ կարող եք տեսնել: Սա օֆիս չէ, որտեղ երկու աթոռ ու սեղան կա: Լուծիչներ կան, որոնց տեղափոխումը շատ զգույշ պետք է արվի: Չես կարող վստահել ապրանք տեղափոխող որևէ մարդու, չես կարող լցնել մի բեռնատար ու տանես, վերջացնես: Այս ամբողջը մնալու է քիմիկոսի վրա:
Կարճ ասած՝ նրբություններ կան, որ Կառավարությունը հաշվի չի առնում, և հետո, լիքը ազատ շենքեր կան, թող տան այդ ընկերություններին, գնան ներդրում անեն: Ինչո՞ւ պետք է աշխատող համակարգի հաշվին սա արվի: Մեզ ասում են՝ դուրս եկեք, նա պետք է աշխատի: Է, մենք էլ ենք աշխատում: Մենք էլ ենք այս երկրի քաղաքացի, իրավունք չունե՞նք հանգիստ աշխատել, անպայման պետք է նեղե՞ն»,- նշեց Վիգեն Թոփուզյանը:
Հիշեցնենք, որ 2007թ. ՀՀ ԳԱԱ օպտիմալացման գործընթացի շրջանակներում երեք կազմակերպությունների միավորմամբ (Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Օրգանական քիմիայի ինստիտուտ և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն) ստեղծվել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը: Կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշման նախագիծ կար, համաձայն որի՝ ցանկանում էին կենտրոնի շինություններից մի քանիսը վերցնել և վարձակալությամբ տրամադրել մասնավոր «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» և «Արրատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին: Այս պահին որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից, և այն պետք է լրամշակվի հավելյալ քննարկումների արդյունքում:
Անի Կարապետյան