Ուկրաինայի ԶԼՄ-ները կոչ են արել Զելենսկուն մամուլի ասուլիս անցկացնել նախքան ապրիլի 19-ի բանավեճը
Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցների եւ մեդիական կազմակերպությունների ներկայացուցիչները հրապարակել են նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հղած բաց ուղերձ՝ կոչ անելով մամուլի ասուլիս անցկացնել ապրիլի 18-ից ոչ ուշ, այսինքն՝ բանավեճերի պաշտոնական ամսաթվից (ապրիլի 19-ից) առաջ։
«Մեդիական հանրակցությունը եւ քաղաքացիական հասարակությունը մի շարք հարցեր ունեն երկրի հետագա զարգացման ձեր տեսլականի, ինչպես նաեւ այն հասարակության առջեւ հաշվետու լինելու ձեր պատրաստակամության վերաբերյալ, որը ձեզ ընտրում է»,-ասված է ուղերձում, որն ապրիլի 16-ին հրապարակվել է «Դետեկտոր մեդիա» պորտալում:
«Ձեզ կոչ ենք անում չհետեւել մեդիայի պահանջներն անտեսելու բացասական պրակտիկաներին, որոնք, ցավոք, տեղ էին գտել նաեւ անցած հինգ տարվա ընթացքում, եւ ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիս անցկացնել նախքան բանավեճերի պաշտոնական ամսաթիվը (ապրիլի 18-ից ոչ ուշ)՝ ապահովելու համար երկխոսությունը մեդիայի ներկայացուցիչների, նաեւ բոլոր ուկրաինացիների հետ»,-ասել են ուղերձի հեղինակները: Նրանք նշում են, որ դրանից առաջ Զելենսկին հասարակության հետ շփվել է առավելապես իր Instagram-ում տեսահոլովակների եւ You-Tub-ալիքի միջոցով, սակայն նրան՝ որպես նախագահի թեկնածուի, ուղղված հարցերը մնում են: Բաց նամակն ստորագրել են, մասնավորապես, UA:
Պերշիյը, Ուկրաինական ռադիոն, «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը, Liga.net-ը, Դոնբասի հանրային հեռուստատեսությունը, «Նոր ժամանակը», «Մեդիա դետեկտոր»-ը, Զանգվածային լրատվության ինստիտուտը, Պիլիպ Օռլիկի անվան դեմոկրատիայի ինստիտուտը, Տարածաշրջանային մամուլի զարգացման ինստիտուտը, Ուկրաինայի ճգնաժամային մեդիակենտրոնը, Ուկրաինական մամուլի ասոցիացիան, Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը: Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Առաջին փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել մարտի 31-ին, Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին, իսկ պետության գործող նախագահ Պորոշենկոն՝ մոտավորապես 16 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: