Բաժիններ՝

Ազնավուրի երեկոյին ֆրանսիացի աստղերն են միայն՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին. Պրոդյուսեր

Մայիսի 26-ին Ազնավուրի հիշատակին նվիրված երևանյան համերգից առաջ 168.am-ը խոսել է Փարիզի՝ «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Հայկ Շահբազյանի հետ, ով նախագծի իրականացնողն է:

– Շանսոնիեի 95-ամյակին նվիրված համերգային ծրագիրը կհարստանա՞ Մոսկվա տեղափոխվելուց առաջ և ընդհանուր առմամբ ի՞նչ փոփոխություններ կկրի նախագիծը Փարիզում ու ԱՄՆ-ում նախատեսվող համերգներին:

– Ծրագրի փոփոխությունների և ժամկետների մասին առայժմ շատ քիչ բան է հայտնի, երևանյան համերգից է կախված շատ բան: Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան, և ArmCentre-ի կենտրոնի հետ համատեղ նախաձեռնած համերգային մեծ նախագծով մտադիր ենք մեր փառավոր հայրենակցի հիշատակին տուրք մատուցել:

Ֆրանսիացի հռչակավոր կատարողների ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգանք նախ՝ Ազնավուրի երկու հայրենիքներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում, և ապա՝ տարվա ընթացքում նախատեսում ենք շրջագայել Մոսկվայում և ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում: Այսպիսով հայտարարում ենք հոբելյանական տարի Ազնավուրի համար:

Կարդացեք նաև

– Նախագիծն իրականացնում եք, փաստորեն, հայաստանյան կազմակերպության հետ, այո՞:

– «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագծի հեղինակը ArmCentre-ի հիմնադիր Վահե Հարությունյանն է: Նշեմ, որ Շանսոնիեի հիշատակին նվիրված համերգային ծրագիրը կանցկացվի Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո:

– Հայկ, համերգային ծրագրից խոսենք: Պատրաստվում եք կատարողների նույն կազմը պահպանել նաև մեծ քաղաքներո՞վ շրջելիս, թե՞ որոշակի փոփոխություններ այդուհանդերձ կկրի համերգային ծրագիրը:

– Համերգային նախագծի մեկնարկը կտրվի Երևանից: Մայիսի 26-ին Մարզահամերգային համալիրի բեմում բացառապես ֆրանսիացի երգիչները կլինեն: Նրանք հանդես կգան մեզ վաղուց սիրելի ու հարազատ դարձած Ազնավուրի երգերի կատարումներով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ խումբն առաջին անգամ այդ մեծ սպորտային կոմպլեքսում պիտի ապահովի ազնավուրյան կատարումների նվագակցումը: Դա առանձնապես հեշտ բան չէ այդ ահռելի մակերես ունեցող տարածքի դեպքում՝ առավել ևս, որ մարզական կոմպլեքսին հատուկ միջավայր է ստեղծված, որտեղ ակուստիկայի մեծ խնդիր կա: Բայց հայաստանցի մեր գործընկերների հետ միասին լուծել ենք նաև այս խնդիրը: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող հատուկ մասնագետների միջոցով, որոնք, ի դեպ, նաև դրսից հրավիրվածներ են, այդ օրը կապահովենք բարձրակարգ երաժշտություն ու անկրկնելի համերգային երեկո:

Ինչ վերաբերում է ծրագրի փոփոխությանը՝ առայժմ մյուս գործընկերոջ հետ քննարկման դաշտում ենք, հավանաբար և կատարողների և համերգային ծրագրի մասով ներդաշնակ համալրումներ կունենանք Մոսկվայի և Փարիզի համերգների դեպքում:

– Ո՞ւմ կատարումներն է վայելելու հայաստանյան հանդիսատեսը` Մարզահամերգային համալիրում:

Հայաստանյան համերգի կատարողները կլինեն աշխարհահռչակ կատարողներ՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ի դեպ, նախագծին աջակցում է նաև Ազնավուր ընտանիքը, և որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ ՝ Քրիստինա Ազնավուրի հետ միասին, այդ օրը ներկա կգտնվի երևանյան համերգին:

– Նրանք մինչ ա՞յդ էլ են իրենց երգացանկում ունեցել Ազնավուրի երգերի կատարումներ:

– Նրանցից մի քանիսը երգում են Ազնավուրից և իրենց հիմնական ռեպերտուարում ունեն Ազնավուրի երգացանկից որոշ ստեղծագործություններ: Բայց մեր ընտրության հիմքում դերակատարություն է ունեցել մի քանի այլ գործոն, որ, օրինակ, մեկը եղել էր մինչ այդ Հայաստանում, կոնտակտ ունեցել էր հայ հանդիսատեսի հետ, մյուսը Ազնավուրի հետ կատարում ուներ՝ երկրաշարժից հետո գրված «Քեզ համար, Հայաստան» երգի ու բարեգործական համերգի շրջանակներում: Բոլորը մեծ պատիվ են համարել Շահբազյան պրոդյուսերական կենտրոնի առաջարկը՝ ներգրավվել Ազնավուրի հոբելյանական նախագծում և հանդես գալ Շանսոնիեի երկրպագուների համար: Եվ մեզնից այդ առումով այնքան քիչ ջանք ու ժամանակ է պահանջվել, որպեսզի ի մի բերվենք և հասկանանք՝ ինչ ծրագիր ենք կազմում:

– Նրանց խանդավառությունը նկատելի էր սոցցանցերում թողարկած իրենց ուղերձներից, որոնք ուղղել էին հայ հանդիսատեսին:

– Այո, Սլիմանը և Հելեն Սեգարան արդեն իսկ պոզիտիվ լայվերով երևանյան հանդիսատեսին հրավիրել են հանդիպման, նրանք մեծ ջանասիրությամբ պատրաստվում են համերգին ու օր առաջ նաև Հայաստանի լրատվադաշտի հետ հանդիպում կունենան: Ենթադրվում է, որ լրագրողների հետ հանդիպումը կլինի նրանց համատեղ ասուլիսի ֆորմատով: Մենք անասելի էմոցիաներով ու մեծ անհամբերությամբ սպասում ենք Երևան ժամանելու օրվան: Վստահ ենք, որ ամենատպավորիչ համերգային երեկոն կունենանք Երևանում:

– Համերգի առիթով Երևանում հրավիրած Ձեր ասուլիսին նաև անակնկալի մասին ակնարկեցիք, իսկապե՞ս լինելու է անակնկալ:

– Այո, դրանցից մեկը նորահայտ ֆրանսահայ կատարողի բեմ դուրս գալը կլինի, Րաֆֆի Արտոն Ֆրանսիայում շատ հայտնի երգիչ է արդեն: Հաջորդ անակնկալը հանդիսատեսի համար է նախատեսված, թե ինչ է՝ փակագծերը մինչ այդ բացել չենք կարող: Միայն կարող եմ համոզված ասել, որ բոլորիս հրաշալի երեկո է սպասվում, համեցեք, սիրելիներս…

 Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս