
Զելենսկին մտադիր է Պորոշենկոյի հետ «Օլիմպիյսկի» մարզադաշտում բանավեճ անցկացնել

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակցի՝ պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանավեճն անցկացվի ապրիլի 19-ին Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել է, որ բանավեճի համար Զելենսկուն մարզադաշտում սպասում է ապրիլի 14-ին: «Ապրիլի 19-ին «Օլիմպիյսկի» ազգային մարզադաշտում տեղի կունենա իմ բանավեճը Պորոշենկոյի հետ, որտեղ ես կկարողանամ նրան տալ ցանկացած հարց»,-ասել է Զելենսկին տեսաուղերձում, որը հրապարակված է նրա շտաբի Telegram-ալիքում:
Բացի այդ, Զելենսկին կոչ է արել ուկրաինացիներին՝ միասին հարցեր նախապատրաստել Պորոշենկոյի համար: «Ուստի խնդրում եմ՝ գրեք մեկնաբանություններ, թե հատկապես ինչ հարց կուզենայիք տալ Պորոշենկոյին»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: