«Նախարարի տեղակալը չի կարող ներդրողների համար երաշխավոր լինել». Կարեն Քոչարյանը՝ Գյուղնախարարություն չունենալու մասին
Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում: Վերլուծաբան Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը չպետք է ընդգրկվի այլ նախարարությունների կազմ:
«Եթե Մշակույթի նախարարության դեպքում կարող ենք քննարկել այլ՝ տվյալ դեպքում՝ Կրթության և գիտության նախարարությանը միանալը, ապա Գյուղնախարարությունը մի ոլորտ է, որը չպետք է միանա այլ նախարարության: Իշխանությունները խոսում են այն մասին, որ այդ ոլորտը պետք է զարգանա, ներդրումներ պետք է լինեն, սակայն մի բան է, երբ խոսում ես առաջին դեմքի՝ նախարարի հետ, մեկ այլ բան, եթե նախարարի տեղակալն է:
Մեծ մասը չի խոսելու նախարարի տեղակալի հետ: Փորձը ցույց է տալիս, որ ներդրողները, ովքեր գումար են ներդնում՝ երաշխիքներ են ուզում, իսկ նախարարի տեղակալը, բիզնեսմենի տեսանկյունից, երաշխավոր չէ: Իրենք շատ ավելի բարձր մակարդակի երաշխավորություն են ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կ. Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա, Կարեն Քոչարյանի կարծիքով, այն պետք չէր ի սկզբանե:
«Սփյուռքի հետ կարելի է բոլոր ոլորտներում և ուղղություններով աշխատել: Կարող էր գուցե նախարարությունը մնալ, բայց կրճատումներ լինեին, քանի որ հասկանալի էր՝ այնտեղ եսիմ ինչ չեն անում: Կարելի է աշխատել նաև ԱԳՆ-ի վարչության, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մակարդակով: Ավելին՝ ամեն նախարարություն կարող է ունենալ ստորաբաժանում, որն աշխատում է սփյուռքի համապատասխան կառույցների հետ:
Ամեն դեպքում, ես չէի ասի, որ սփյուռքի հետ հարաբերություններն այնքան լավ էին, որ հիմա էլ սա քանդվեց՝ վատանալու է»,- հավելեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ իշխանությունների նախաձեռնությամբ նախատեսվում է թվով 17 նախարարությունները կրճատել և դարձնել 12:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) Առողջապահության նախարարությունը,
3) Արդարադատության նախարարությունը,
4) Արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) Արտաքին գործերի նախարարությունը,
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) Շրջակա միջավայրի նախարարությունը,
8) Պաշտպանության նախարարությունը,
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) Ֆինանսների նախարարությունը:
Նախագծով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միաձուլման արդյունքում կստեղծվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են և դառնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:
Անի Կարապետյան