
Պերեսի և Զիդանի մոտ տարաձայնություն է առաջացել Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է sport.es-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չեն կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերի շուրջ:
Աղբյուրը նշում է, որ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը հանդիսանում է «Կարմիր սատանաների» 26-ամյա կիսապաշտպանի տաղանդի երկրպագուն և ցանկանում է տեսնել նրան «Սանտյագո Բերնաբեուում»: Սակայն «Արքայական ակումբի» նախագահը կարծում է, որ ֆրանսիացին այն ֆուտբոլիստը չէ, որն անհրաժեշտ է թիմին: Աղբյուրը գրում է, որ Պերեսը չի տեսնում 150 մլն եվրո ծախսելու անհրաժեշտություն մի ֆուտբոլիստի վրա, ով հարձակման գծում առանձնահատուկ կրեատիվությամբ աչքի չի ընկնում և հասցրել է կոնֆլիկտ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը