Չի կարող լինել պետություն առանց արդարության և արդարադատության. Արմեն Սարգսյանն այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները:

Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշներն ու ճանապարհային քարտեզը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է Բարձրագույն դատական խորհրդին՝ գործունեության մեկ տարվա առթիվ: Նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դատական համակարգը մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից են՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Ցանկացած երկրում և մանավանդ Հայաստանում պետության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ և առաջ հանրության վերաբերմունքից դեպի դատարան և արդարադատություն։ Չի կարող լինել պետություն առանց արդարության, չի կարող լինել պետություն առանց արդարադատության»:

Նախագահի խոսքով՝ պետության վերաբերմունքը դեպի հանրությունը և հակառակը՝ հանրության վերաբերմունքը դեպի իր սեփական պետությունը, չափվում են շատ պարզ չափանիշներով: Նա որպես օրինակ է բերել, թե ինչպես է փողոցում քայլող անձը վերաբերվում ոստիկանին.

«Եթե ոստիկանին վերաբերվում է որպես պետության ներկայացուցչի՝ խորին հարգանքով և համապատասխանաբար ոստիկանն իրեն պահում է որպես պետության ներկայացուցիչ, ապա կա ներդաշնակություն հանրության և պետական կառույցի միջև, կա ինչ-որ իմաստով արդար կառուցված պետություն»:

Ըստ Արմեն Սարգսյանի, որպեսզի դատենք արդար երկիր ենք, թե ոչ, կոռուպցիա կա, թե ոչ, պետք է նայել դատարաններին, և շատ էական է, որպեսզի դատական համակարգը լինի լավագույնը, հասարակության մեջ վստահություն առաջացնի։ Այս ճանապարհին նախագահը կարևորել է բարձրագույն դատական խորհրդի, ամբողջ դատական համակարգի, յուրաքանչյուր դատավորի դերը և, իհարկե, հանրության հետ կապը:

Մեկ տարվա գործունեության արդյունքը գնահատելով տպավորիչ՝ նախագահ Սարգսյանը ողջունել է ներկայացված էլեկտրոնային համակարգում արհեստական բանականության տարրերի օգտագործումը: «Գովելի է, որ ինչ-որ իմաստով դասական և պահպանողական ինստիտուտը, որպիսին դատարանն է, առաջ է նայում, թե ինչպես պետք է փոխվի հանրության և աշխարհի հետ համընթաց»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սա ճանապարհ է, որով բոլորս պետք է անցնենք, որովհետև աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ»:

Նախագահի խոսքով՝ դատավորի և դատական համակարգի աշխատանքը բացի միայն մեծ քանակությամբ տեղեկություններ հավաքելուց, անցնելու է հաջորդ քայլին՝ վերլուծության: «Յուրաքանչյուր դատավորի, ինչպես նաև ձեր Խորհրդի համար արհեստական բանականությունը մի քանի տարի հետո դառնալու է լավագույն բարեկամը, որովհետև հնարավորություն է տալու ձեզ շատ ավելի արդյունավետ աշխատել, վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ: Արհեստական բանականությունը փոխելու է մեր կյանքը, և այդ փոփոխությունը մենք պետք է սկսենք այսօր», – ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը Բարձրագույն դատական խորհրդին մաղթել է նորանոր հաջողություններ և վստահեցրել, որ ի դեմս նախագահական ինստիտուտի, նրանք ունենալու են լավագույն բարեկամի, որը աջակցելու է, որպեսզի Խորհուրդը կայանա, աջակցելու է, որպեսզի մեր երկրում արդարության և արդարադատության նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվի, և մենք բոլորս մեր պետության և պետականության նկատմամբ լցվենք խորը հարգանքով:

Հանրապետության նախագահն այնուհետև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել պայմաններին և աշխատանքի կազմակերպմանը:

Տեսանյութեր

Լրահոս