Հաշտվելու համար պետք է ասել ողջ ճշմարտությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու:

Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը եւ, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին:

Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձեւով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից:

Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի եւ քաղաքական սերտաճմանը եւ այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-ականների առաջին կեսում են: Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն եւ վերջնականապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու եւ ներելու համար:

Առավելագույնը, որը կարող է արվել «պատիժների» ուղղությամբ՝ ցմահ արգելել այս կամ այն նախկինում իշխող կուսակցության բարձրագույն մարմնի անդամներին զբաղեցնել բարձր պետական պաշտոններ: Բայց այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորապես կեսը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, եւ եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա եւ երես կթեքի իշխանությունից:

Շատ ավելի հեշտ է «անցումային արդարադատական» եւ «լյուստրացիոն» գործընթացներում կենտրոնանալ միայն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վրա, որոնց հանդեպ հասարակական ատելությունն առայժմ թարմ է: Բայց դա արդարության վերականգնում չի լինի, որովհետեւ ընտրովի արդարադատություն (թեկուզեւ «անցումային») չի լինում, եւ նման «կիսաքայլերը» եթե ոչ հիմա, ապա հետագայում թերահավատություն են առաջացնելու: Դա նման կլինի մի քանի սրճարան քանդելուն եւ մնացածը թողնելուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս