Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը. նա կմնա անազատության մեջ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը. նա կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Առաջին ատյանի դատարանի` նախկին պատգամավորի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը մնացել է ուժի մեջ:
Մկրտչյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:
«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ նրա շաքարային ցուցանիշը 7 էր, բարձրացել է 27: Գրիգորյանն այս պահին 110 միավոր ինսուլին է ստանում, որը մինչև կալանավորումը չի ստացել: Պաշտպանյալս ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք շարունակում են բարդանալ, սակայն միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է, որ առողջական վիճակը ինչ-որ չափով կայուն է պահում»,- նշեց պաշտպանը:
Անդրադառնալով հարցին, թե Մանվել Գրիգորյանը կարո՞ղ է խոչընդոտել գործին ազատության մեջ լինելու դեպքում՝ փաստաբանը նշեց, որ նա արդեն եղել է ազատության մեջ և նմանատիպ գործունեություն չի ծավալել:
«Գործում այդ մասին թույլատրելի, վերաբերելի, օրինական ապացույցներ չկան: Այս պահի դրությամբ Մանվել Գրիգորյանի տեսակցությունները թույլատրվել են Եվրոպական դատարանում հայտնվելուց հետո, ինչպես նաև կա հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն»,- ասաց Մկրտչյանը և հավելեց, որ նրան տեսակցության եկել են միայն ընտանիքի անդամները:
Նրա պնդմամբ՝ վարույթ իրականացնող մարմինն այսօր որևէ հիմք չունի պնդելու, որ Մանվել Գրիգորյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին: