Փաշինյանի այցից մեկ օր առաջ Դավիթ Անանյանն անձամբ է եղել մաքսատանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսակետ: Շրջայցը սկսելուն պես բազմաթիվ տեսախցիկների առջև սկսել էր դիտողություններ անել՝ տարածքը կեղտոտ է, ծխախոտի մնացորդներ կան գետնին, սարդոստայններ՝ պատերին։ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել էր. «Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի»։

Ապա հրահանգել էր աշխատանքից հեռացնել մաքսատան աշխատասենյակներից մեկում ծառայություն իրականացնող աշխատակիցներին, քանի որ սենյակը մաքուր չէր և Հայաստանի դրոշը ոչ մաքուր և ճմրթված վիճակում է եղել սենյակի անկյունում. «Քանի՞ հոգի է այս սենյակում աշխատում, ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ»,- ի լուր աշխարհի հայտարարեց նա՝ հրահանգելով աշխատանքից ազատվելու դիմում գրել այդ սենյակի բոլոր աշխատակիցները։

Երեկ այդ ու բազմաթիվ այլ դրվագներով Փաշինյանը օրվա նյուզմեյքերն էր։ Բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրում էին՝ ինչպես է Փաշինյանը զայրացած հրահանգներ իջեցնում աջ ու ձախ՝ նվաստացնելով մաքսատան շարքային աշխատակիցներին։ Այդպիսով, թերևս, փորձում են կերտել «ուժեղ» վարչապետի կերպարը»:

168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի այցից առաջ մաքսատանը մի քանի օր շարունակ մաքրման աշխատանքներ են տեղի ունեցել։ Ըստ նույն աղբյուրների՝ այցից մեկ օր առաջ մաքսատանն է եղել անձամբ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։ Նա ստուգել է իրավիճակը, որպեսզի այցի ընթացքում որևէ տհաճ բան տեղի չունենա։

Մեր զրուցակիցներն ասում էին, որ մաքսատունը, որը սպասարկում է օրական ավելի քան 300 ավտոմեքենա, ոչ մեծ աշխատակազմով, բնականաբար, նման իրավիճակներ էլ կլինեն. «Օպերային թատրոնի դահլիճ չէ, մաքսատուն է, օրական պատկերացնո՞ւմ եք՝ որքան վարորդներ են ելումուտ անում, ինչ ասես՝ կարող է լինել»։

Ի դեպ, այն երիտասարդը, որի նկատմամբ Փաշինյանն այդպես վարվեց՝ իր գովազդային տեսարանն ապահովելու համար, ընդամենը երկու ամիս առաջ էր ընդունվել աշխատանքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930