Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է քաղաքացուն, ում տոնը պատրաստվում է նշել մի քանի օր անց

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսակետ: Չնայած այցելության նպատակը մաքսակետի աշխատանքներին ծանոթանալն էր, սակայն Փաշինյանը կարողացել է միանգամից մի քանի միջադեպերի հերոս դառնալ։

Նա նախ դիտողություն է արել մաքսատան մաքրության վերաբերյալ՝ ասելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչո՞ւ է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»:

Ապա, տեսախցիկների, լրագրողների առջև ձեռքով սրբել է պատն ու կրկին դժգոհել՝ նկատելով, որ այն շատ կեղտոտ է ու երկար ժամանակ չի մաքրվել:

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»,- ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին հրահանգել է նա: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ կառավարության նիստում հրահանգել էր ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված 833 մլն դրամն ավելացնել 1,5 մլրդ դրամով։

Սակայն այցի կուլմինացիան պետք է համարել մաքսատան աշխատասենյակներից մեկում տեղի ունեցածը։ Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն է արել. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը,- խմբ.) արած չեն կանգնում»: Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացել է.

«Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանոց լինի՞»:

Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի շատ է տուրք տալիս տեսարաններ ապահովելու գայթակղությանը։ Նրա ցանկացած այցելություն վերածվում է շոուի, որի նպատակը մեկն է՝ բավարարել ֆեյսբուքահայության պահանջները։ Ու այդ ճանապարհին նա կանգ չի առնում որևէ արգելքի առաջ։

Նրա այսօրվա այցի արդյունքում, փաստորեն, մի քանի աշխատակիցներ, մաքսատան շարքային աշխատակիցներ զրկվեցին աշխատանքից։ Դա, սակայն, Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում, քանի որ նրա համար կարևորը ոչ թե մարդն է, քաղաքացին, ում տոնը հռչակվեց երեկ, այլ տեսարանները։

Նրան բնավ չի մտահոգում, որ իր այդ քայլերով նվաստացնում է մարդու, քաղաքացու արժանապատվությունը, իսկ ոմանց՝ զրկում օրվա ապրուստի միջոցներից։ Եվ զարմանալի զուդադիպությամբ՝ մաքսատան աշխատակցին նվաստացնելուց ու աշխատանքից ազատվելու հրամաններ արձակելուց հետո Փաշինյանը նույն մաքսատանը լրագրողների հետ զրույցում խոսում է ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերի՝ սեռափոխված արական սեռի ներկայացուցչի իրավունքների պաշտպանության մասին։

Վարչապետի իրավունքն է, իհարկե, մտահոգվել բոլորի, այդ թվում՝ նաև տրանսգենդերի իրավունքների պաշտպանությամբ։ Սակայն, մեղմ ասած, գեղեցիկ չէ, երբ դա տեղի է ունենում ՀՀ քաղաքացիներին հրապարակավ նվաստացնելուն զուգահեռ։ Չնայած, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա։

Տեսանյութեր

Լրահոս