Իսկ ո՞վ է ասել, որ հասարակական կազմակերպության անդամը պետք է կռված տղա լինի. ԵԿՄ-ականները՝ Կոռնիձորի Արոյին

«ԵԿՄ համագումարին գրեթե ոչինչ չէր փոխվել, կազմը՝ օլիգարխիկ համակարգով, կառավարության ներկայացուցիչներով»,- այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Նա նշել էր, որ համագումարին հազիվ թե 10 տոկոս ազատամարտիկ լիներ:

«Աղքատ երկրապահների ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի հետևում, կառավարության անդամները, պետական այրերը գտնվում էին դահլիճի առջևում: Սա համագումար էր հապճեպության մեջ՝ հանրապետականի ոգով, «մանվելիզմի» կիրառմամբ: Այսինքն, ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվում՝ անկախ ներկաներից կամ բացականերից»,- ասել էր նա։

Արա Խուդավերդյանը նշել էր նաև, որ ազատամարտիկներն իրեն առաջադրել էին՝ որպես ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, սակայն ինքը և իր համախոհները դուրս են մնացել մանդատների վերաբաշխումից։ Ըստ նրա՝ դիմել են ԵԿՄ-ին, որպեսզի իրենց տրամադրվի 50 մանդատ, բայց ոչինչ չեն ստացել:

ԵԿՄ անդամները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ նրան ու թիմակիցներին բազմիցս են հորդորել՝ գնալ և դիմել տարածքային բաժանմունքներ, ձևակերպվել՝ որպես ԵԿՄ-ական, որպեսզի համագումարից առաջ տեղի ունեցող ընդհանուր ժողովների ժամանակ ընտրվեն՝ որպես պատվիրակներ:

«Նամակ է գրել, թե ինձ հասանելիք 50 մանդատը տվեք, իսկ ո՞վ է ասել, որ 50 է, կարող է՝ ավելի շատ էր կամ ավելի քիչ: Ընթացակարգը նախաձեռնող խումբն է որոշել: Ինչ վերաբերում է նրան, թե մանդատ ունեցողներից 10 տոկոսն է պատերազմի մասնակից, ապա նման հերյուրանք, չէինք պատկերացնում, որ կլսենք: Իհարկե, հնարավոր է, որ մանդատ ունեցողների մեջ չկռված տղաներ լինեն, իսկ ո՞վ է ասել, որ հասարակական կազմակերպության անդամը պետք է կռված տղա լինի: Մենք ասում ենք՝ եռասերունդ երկրապահ, չէ՞, բա պատանի կամ երիտասարդ երկրապահըպարտադիր պետք է կռված լինի: Դրա համար կռված տղաներին տալիս են մասնակցի կարգավիճակ, որը օգտվում է մի շարք արտոնություններից՝ անվճար ստուգում, բուժում, վիրահատություն և այլն, իսկ մյուսները չեն կարող այս ամենից օգտվել. հիմա տարբերություն եղա՞վ, թե՞ չեղավ, իհարկե՝ եղավ»,- մանրամասնեցին ԵԿՄ անդամները:

Հիշեցնենք, որ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի կողմից ընտրված վարչության կազմը ապրիլի 7-ին անդրանիկ նիստ անցկացրեց, և միաձայն ԵԿՄ վարչության նախագահընտրվեց Սասուն Միքայելյանը։

Ընտրվեց նաև 25 հոգուց բաղկացած վարչության կազմը՝ նախկին 186 հոգու փոխարեն։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930