Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասված է.
«Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին:
Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ ամենապատվավոր իր տիտղոսը համարեց «Տիրոջ աղախին» լինելը՝ արձագանքելով հրեշակապետի ավետիսին. «Ահաւասիկ կամ աղախին Տեառն»: Աստվածամոր սիրո ու հնազանդության ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զավակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նվիրումի ու հավատարմության մեջ: Արդարև, մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում:
Սիրելի մայրեր ու քույրեր,
2019 թվականը, որ հռչակված է Ընտանիքի տարի, ևս մեկ առիթ է վերարժևորելու ու վերագնահատելու այն պատասխանատու, բայց նաև անչափ քաղցր առաքելությունը, որ դուք ունեք ընտանիքի ամրության, սերունդների կրթության ու դաստիարակության, որով և՝ մեր ժողովրդի ապագայի կերտման գործում: Հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը և աղոթում Աստծուն, որ իր անսպառ շնորհներով շարունակի բարեզարդել ձեր հոգիները, պարգևի ձեզ անսպառ մխիթարություններ ձեր զավակների կերտած հաջողություններով:
Թող Երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները»: