Ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չե՞ն». Ջանջուղազյանը դեռ երկար կաշխատի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ջանջուղազյան, տեսակետ կա, որ ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն»` փոխվարչապետների առաջնահերթության բանավեճ կա կառավարությունում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Էդպիսի բան հնարավոր չի»: Իսկ ինչպիսի՞ն են կոնկրետ Ձեր հարաբերությունները փոխվարչապետներ պարոն Գրիգորյանի եւ պարոն Ավինյանի հետ։ «Շատ աշխատանքային»: «Արմաթ» լաբորատորիաների ուշացած աշխատավարձի հետ կապված դիսկուսիայի ժամանակ բանավեճ ընթացավ նրանց միջեւ։
«Քննարկումը որպես բանավեճ ներկայացնել չի կարելի` քննարկում էր, էլի, որն էլ տվեց իր արդյունքները` որոշումներ կայացվեցին»: Ձեր աչքերում թաքնված ժպիտ կա հիմա։ «Ի՜նչ խորաթափանց հայացք ունեք. ինչպե՞ս երեւաց հատկապես աչքերիս ժպիտը, չնայած Դուք ազատ եք ձեր գնահատականներում»:
Չկա՞ տարաձայնություն նրանց միջեւ։ «Ավաղ` ոչ»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Դուք ՀՀԿ-ական` «նախկին» թալանչիներից մնացած կադր եք: «Չէ, Դուք կարծես այլ հարց էիք ուզում տալ, թե ինչպես եմ ես վերաբերվում նրան, որ ես մի քիչ ավելի տարիքով եմ, քան մնացածը. շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ դա չի խանգարում ինձ երիտասարդ զգալ, այո` աշխատել եմ ու դեռ աշխատելու եմ եւ, որքան էլ տարօրինակ թվա, աշխատել սկսել եմ խորհրդային ժամանակներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: