«Չի կարող բնության մեջ գոյություն ունենալ մի նյութ, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է». Արամ Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին: Այդ օրը դատարանում կխոսի Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին ասել է պաշտպան Արամ Օրբելյանը.
«Բողոքի ներկայացումներն են ավարտվել, քննարկումը դեռ պետք է շարունակվի: Պարոն Ռոբերտ Քոչարյանը ներկա էր, չի հասցրել խոսել, իր դիրքորոշումը որոշ հարցերով ներկայացրեց, բայց հիմնական ելույթը հավանաբար կլինի ապրիլի 9-ին»:
Այսօր՝ ապրիլի 5-ի նիստում պաշտպանական թիմը բողոքները ներկայացրել է դատարանին։ Այն քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանն անդրադարձել է պաշտպանական թիմի հիմնավորումներին և պատասխանել լրագրողների հարցերին:
«Առաջին ատյանում բարձրաձայնել ենք մի շարք հարցեր, որոնց դատարանն ընդհանրապես չի անդրադարձել, և մեզ հնարավորություն չի տալիս պատշաճ պաշտպանվել: Անկյունաքարային հարց է, որպեսզի մեղադրյալը իմանա՝ ինչի համար են իրեն մեղադրում, սա ամենասկզբից մեզ համար պարզ չէ: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ միշտ, երբ որ գործը թույլ է, արգումենտներ չունի, փորձում են խառը ինչ-որ բաներ լցնեն իրար վրա: Չի կարող բնության մեջ գոյություն ունենալ մի նյութ, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է, որովհետև 2008-ին սահմանադրական կարգը չի տապալվել: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ անձը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից, ապա այդպես խախտվում է անձեռնմխելիության ինստիտուտը: Մեկ այլ հարց, որը բարձրաձայնել ենք, 300.1 հոդվածի կիրառելիությունն է:
Պատկերացնենք՝ 2008 թվականի մարտին հարուցված գործում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ռոբերտ Քոչարյանը, կար 7-ի գործ, կար նաև Ռոբերտ Քոչարյանի գործ:
2009 թվականին օրենքը փոխվում է. ձեր կարծիքով՝ եթե 7-ի գործը կարճվում է, ապա Ռոբերտ Քոչարյանի գործը չի՞ կարճվելու: Իհա+րկե կարճվելու է: Ցուցմունքներին չեմ կարող անդրադառնալ, նախաքննական գաղտնիքի բացահայտման ռիսկ կա, որովհետև մեկ էլ տեսաք՝ ՀՔԾ-ի մտքով անցնի խուզարկություն անել մեր գրասենյակում»,- ասել է Ռ. Քոչարյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:
Ռ. Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Նա կալանքի տակ է 2018թ. դեկտեմբերի 7-ից։