Բաժիններ՝

«Երբ վերևներում ինչ-որ բան են որոշում՝ առանց մարդկանց  կարծիքը հարցնելու, նորից դառնում է ոչ թե՝ ժողովրդավարություն, այլ՝ հրամայավարություն»

«Մշակութային ոլորտում դեռևս լավ փոփոխություն չի նկատվում, իսկ այն, ինչ կատարվում է և կապված է թատրոնների օպտիմալացման ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ, կարծում եմ, որ այստեղ ոլորտը չիմանալու խնդիր կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի ղեկավար Նելլի Շահնազարյանը:

«Ի դեպ, երեկ ես Օպերայում դիտում էի «Կախարդական սրինգը», ասեղ գցելու տեղ չկար, բուռն արձագանք գտավ, ջերմությամբ ընդունում էին մաեստրո Օրբելյանին: Կարծում եմ՝ բոլոր տեսակի օրենքները ստորադասվում են դրան: Ասում են՝ տեղում չի նստում: Ես Գ. Սունդուկյան թատրոնի աշխատակից եմ, զբաղվում եմ հյուրախաղեր կազմակերպելով: Ներողություն, եթե տեղներս նստենք,  կապեր ինչպե՞ս ենք հաստատելու: Հեռախոսային խոսակցությունն այլ բան է, մարդու դիմաց նստելը, հարցեր լուծելը՝ այլ: Ինչ վերաբերում է հայերենին չտիրապետելուն, ապա երաժշտությունը, ներկայացումը որևէ լեզու չի ճանաչում: Օրինակ՝ եղել է, որ ֆրանսիացի ռեժիսորը եկել և մեզ մոտ բեմադրություն է արել: Ի՞նչ պարսավելի բան կա այդտեղ: Ինչ վերաբերում է թղթաբանությանը, ապա տեղակալներն են զբաղվում դրանցով: Վստահ եմ, որ պարզապես վարչապետին  չեն կարողացել ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում Օպերային թատրոնում: Ի վերջո, փաստ գոյություն  ունի. գրեթե կիսամեռ թատրոնն արդեն ճանաչելի է դառնում աշխարհին, ներկայանում է հարուստ գործերով»,- հավելեց Նելլի Շահնազարյանը:

Ռեժիսոր, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց. «Շատ եմ հավանում Փաշինյանի այն թեզը, որ ժողովուրդն է  երկրի տերը. շատ լավ, բայց երբ որ վերևներում ինչ-որ բան են որոշում՝ առանց մարդկանց  կարծիքը հարցնելու, նորից դառնում է ոչ թե՝ ժողովրդավարություն, այլ՝ հրամայավարություն:

Կարող էին, չէ՞, գնալ, խոսել թատրոնի աշխատակիցների հետ, պարզաբանել, թե ինչո՞ւ են Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատում: Ես տեսա, թե ինչպես օրերս վարչապետը Կառավարությունում ընդունեց թատրոնի աշխատակիցներին, պարզաբանեց ամեն ինչ ու  հավելեց, որ, եթե կետերից մեկը սխալ է, ինֆորմացիա տվողին կպատժի: Տիկին Նազենին նախքան հրամանը պետք է գնար, բացատրեր: Ինչ վերաբերում է օրենքին, ապա մեր հարևան Վրաստանում թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը մեկ անձ է, կոչվում է թատրոնի կառավարիչ:

Տնօրենը կարգադրիչ է նշանակում, ով հետևում է ֆինանսական հարցերին: Մեզ մոտ էլ է այդպես եղել. Վ.Աճեմյանը, Խ.Աբրահամյանը և՛ գեղարվետական ղեկավար, և՛  տնօրեն էին: Հիմա ի՞նչն է խանգարում փոխել օրենքը: Չեմ հասկանում, օրենքը բոբո՞ է: Թե չէ թատրոն օտար մարդու են բերում, որ ոչ մի բան չի հասկանում, սիրտն էլ չի ցավում: Գալիս-նստում են, որ ինչ-որ տեղից փող հայթայթեն. հերիք է, զզվեցինք: Գյումրու թատրոնում ունեինք փայլուն տնօրեն՝ Տիգրան Վիրաբյանը, ով իմ աչքի առջև թատրոնը բարձրացրեց: Հիմա, եթե բերեն մի «գմբջիկ բոմբոլիկյանի»՝  գալու է նստի ու մտածի՝  ո՞նց անի՝ սա վերցնի, նա վերցնի. հենց թատրոնից բան վերցնես՝ արվեստը վերջանում է»:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Մշակույթի նախարարությունից մեկնաբանելով Կ. Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել են Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը, բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից, նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930