«Ովքեր են, որ հանձնարարականը ստացել են և չեն իրականացրել՝ անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրի համար». Փաշինյանը Պապիկյանից ցուցակ պահանջեց

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի քանի օր առաջ ծագած խնդրին, որ քաղաքացիները նպաստները չեն ստանում: Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց՝ այս հարցն արդեն լուծվե՞լ է:

Նախարարը տեղեկացրեց, որ նպաստների ուշացումը կապված է տեխնիկական գործընթացի հետ, մասնավորապես՝ քարտերի համակարգի ներդրման հետ կապված, նաև ID քարտերով ստորագրությունների հետ կապված, բայց այս պահի դրությամբ արդեն խնդիրը լուծվել է, մարտի 29-ից սկսվել են վճարումները: Զ.Բաթոյանի խոսքով՝ տեխնիկական խնդիրը մնում է և հաջորդ ամսվա համար պետք է լուծել:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարության որոշմամբ՝ գանձապետարանի «հաճախորդների» էլեկտրոնային ստորագրությունները վավեր են միայն ԷԿԵՆԳ-ի կողմից թողարկված հավաստագրերի դեպքում, իսկ մինչ այս օգտագործվել են Ֆինանսների նախարարության թողարկած հավաստագրերը, որոնց ժամկետը սպառվել է մարտի 22-ին, դեռ հոկտեմբերին օգտատերերն իրազեկվել են, բայց 10 հազարից միայն 3000-ն է լուծել ստորագրության խնդիրը:

Արձանագրելով, որ ստորագրության խնդիրը պետք է լուծեին պետական պաշտոնյաները, Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն լուծել:

Զ.Բաթոյանը նշեց, որ վճարումներն իրականացնողների վերադաս մարմինները մարզպետարաններն են:

«Որ ասում ենք՝ պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք՝ չէ, տենց չի: Պարոն Պապիկյան, ինչո՞ւ չեն կատարել»,- տարածքային կառավարման և զարգացման նախարարին դիմեց Ն.Փաշինյանը:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախարարությունը մինչ այս սրանում բավարար չափով ներգրավված չի եղել, բայց ինքը կուղղի դա, և կարճ ժամանակում խնդիրը կկարգավորեն:

Վարչապետը հանձնարարեց նաև հանել բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ մի քանի հազար հոգու, որոնք այդ հանձնարարականը ստացել են և չեն կատարել, և որոնց անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավերը ժամանակին չեն ստացել իրենց նպաստները:

Ըստ նրա՝ առաջիկայում, երբ իրենք կառավարման համակարգի օպտիմալացման հարցը լուծեն, այդ պաշտոնյաները պետք է լինեն աշխատանքից ազատվողների առաջին տողերում. «Ես բառացիորեն այդ ցուցակն ուզում եմ Ձեզնից, թե ովքեր են, որ հանձնարարականը ստացել են և չեն իրականացրել՝ անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930