Բաժիններ՝

«Իմ ժամանակը կանգ է առել 2016 թվականի ապրիլի 2-4-ն ընկած ժամանակահատվածի մեջ»

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս 19-ամյա Արամայիսը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից էր։ Զորացրվելուն մնացել էր 10 ամիս, երբ սկսվեց ապրիլյան քառօրյան։ Ծառայության մեկնել էր մեծ պատասխանատվությամբ ու հպարտությամբ՝ ասելով, որ հնարավորություն ունի սահմանում երկու տարի հայրենիքին ծառայելու համար։

19-ամյա Արամայիսը նոր էր դիրքերից զորամաս իջել, երբ սկսվեց պատերազմը, և նա ծառայակից ընկերների հետ կրկին բարձրացավ դիրքեր։ Ապրիլի 2-ին և 3-ին դիրքերից զանգահարել է տուն, եղբորն ու ծնողներին հուսադրել է՝ ասելով՝ չանհանգստանան, ամեն ինչ կարգին է, շուտով ամեն ինչ ավարտվելու է, սակայն հետո եղբորն առանձին ասել է՝ եթե ինքը դիրքերից չիջնի, ծնողներին լավ նայի…

Ապրիլի 4-ից Արամայիսի զանգերը դադարել են…

Արամայիսի զոհվելուց և ապրիլյան պատերազմից անցել է երեք տարի, սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիսի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, այդ երեք տարիներն իրեն հիշեցնում են ապրիլյան պատերազմի դաժան երեք օրերը՝ անհանգիստ, տագնապալից ու ալեկոծված վիճակը։

«Հոգուս փոթրիկը չի դադարել, նույնն է, ինչպես որ սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ին։ Այս երեք տարիները ոչինչ չեն փոխել, ժամանակը վերքերն ավելի է խորացնում, հիմա ավելի սթափ եմ դատում, թե ինչ իրականության մեջ եմ։ Կարոտ, անպատմելի կարոտ եմ զգում, որից սպառվում եմ։ Երեք տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, ինձ համար կարծես թե ժամանակը կանգ է առել, իմ ժամանակը կանգ է առել 2016 թվականի ապրիլի 2-4-ն ընկած ժամանակահատվածի մեջ։ Երբ բոլորովին այլ դիտանկյունից եմ նայում այս երեք տարիներին, փոքր որդուս մոտ է փոփոխություն եղել, նրա համար կյանքը շարունակվում է, նա համալսարան է ընդունվել։ Սրտիս մի փոքրիկ անկյունում նրա համար եմ ուրախանում»։

Արամայիսը «Հայբուսակ» համալսարանում սովորելուն զուգահեռ՝ զբաղվում էր նաև քանդակագործությամբ, բանակում ազատ ժամանակ քանդակում էր, հասցրել էր մի քանի խաչեր քանդակել ու նվիրել ընկերներին։ Նպատակ է ունեցել իր սեփական արվեստանոցն ունենալ ու այնպիսի քանդակներ ստեղծել, որոնք կցուցադրվեին աշխարհի տարբեր հատվածներում։ Ծառայության ընթացքում սկսել էր քանդակել նաև Հայաստանի գերբը, զոհվելուց հետո այն այդպես էլ կիսատ է մնացել։

«Արամայիսի որոշ քանդակների ցուցադրությունը եղել է նրա մահվանից հետո՝ ծննդյան օրերին, ցուցադրությունն իրագործելի է դարձել մի շարք բարի մարդկանց աջակցությամբ։ Միշտ էլ երազել եմ իրագործել որդուս նպատակը՝ արվեստանոց ստեղծել, սակայն մինչև օրս ոչինչ չի ստացվում, որտեղ դիմում եմ՝ դեռ անպատասխան եմ մնում։ Մեր դպրոցում որոշ ժամանակ քանդակի խմբակ բացեցի, բայց երևի դա էլ շատ համարեցին ու, կոպիտ ասած, ասացին՝ գնա, նստի ու քո ցավով տառապի՝ խմբակը փակեցի»։

Պատերազմի թեժ օրերին Արամայիսն ընկերների հետ միասին կարողացել է մի քանի անգամ հակառակորդին հետ շպրտել, սակայն ամեն անգամ տանուլ տալուց հետո թշնամին կրկնապատկել է ուժերը և նոր թափով հարձակվել։ Թշնամու առաջխաղացման կասեցումն արժեցել է Արամայիսի կյանքը…

«Մենք այսօր մի տեսակ անհատականացրել ենք մեր հերոսներին, միշտ շեշտադրվում է նույն հերոսի կերպարը։ Զոհված երեխաների մեծ մասը մարզերից էին, որոնք անուշադրության են մատնված, ախր չի կարելի։ Այս մասնատված վիճակն է, որ ինձ դժգոհություն ու ցավ է պատճառում, ես նկատում եմ, որ հերոսներին բաժանում են մարզերի ու մայրաքաղաքի միջև։ Ինչպե՞ս կարելի է նման բան անել, երբ բոլորը նույն գաղափարի համար են զոհվել, մեկին՝ շատ, մեկին՝ քիչ կամ ոչինչ, ինչպե՞ս կարելի է։ Լավ է, որ գոնե կան անհատներ, որոնք հիշում են մեր տղաների անունները։ Ապրիլի 2-ը տղաների հիշատակի օր հռչակելու գաղափարն ինքս էլ եմ առաջ քաշել, բայց մերժվեց։ Այնպես չէ, որ ստիպում ենք՝ հենց ամսի 2-ը լինի, թող լինի 2-5-ն ընկած ժամանակահատվածը։ Հիմա անհատների, լրագրողների միջոցով մեր երեխեքին հիշում են, բայց տարիներ անց, եթե պետականորեն օր չլինի, հաստատ մոռացության են մատնելու։ Այս օրը պատմության մեջ պետք է կարմիր տողով նշվի»։

Երեք տարի շարունակ տիկին Լիլիթը ցանկանում է գնալ Արցախ՝  Ջաբրաիլում Արամայիսի պաշտպանած դիրքերը տեսնելու, սակայն չի կարողանում ցանկությունն իրագործել, քանի որ դժվար է գնալ այնտեղ և չտեսնել Արամայիսին։

«Որոշել եմ այս տարի ծննդյան օրը գնալ, բայց գիտեմ, որ դժվար է, քանի որ այնտեղ որդուս եմ փնտրելու»։

Այսօր Ոսկեհատ գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչված է Արամայիսի անունով։ Ընտանիքը որոշել է դպրոցի բակում խաչքար կանգնեցնել՝ ի հիշատակ Արամայիսի և ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի, սակայն այդ նախաձեռնությունը գյուղում դարձել է քննարկման առարկա, թե ինչու այն պետք է նվիրված լինի ապրիլյան, այլ ոչ թե՝ Արցախյան պատերազմի տղաներին։ Այս խոսակցությունները հաշվի առնելով՝ Արամայիսի ծնողները որոշել են հետ կանգնել իրենց նախաձեռնությունից՝ իրենց որդուն ու մյուս զոհերին շահարկումներից հեռու պահելու համար։

«Տարածքը բարեկարգել ենք, սակայն խաչքարը չի դրվել։ Հարցի վերաբերյալ գյուղապետարանը չեզոք դիրք է որդեգրել, ինչը սխալ է, հենց գյուղապետն այս հարցին պետք է լուծում տար։ Չգիտեմ՝ սխա՞լ եմ, թե՞ ոչ, բայց վիրավորվածությունս մեծ է, սա մեր տան ցավոտ թեման է»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս