
Դավիթ Անանյանը` կապույտ վառելիքի թանկացման մասին

Գազալցակայաններում գազի թանկացման հարցով պետք է զբաղվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՊԵԿ-ն անելիք չունի: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից գազալցակայաններում գազի ծավալային հաշվարկի փոխարեն քաշով՝ կիլոգրամով հաշվարկի անցնելուց հետո կապույտ վառելիքի թանկացմանը:
«Դա ՊԵԿ գործառույթը չի, որ հսկենք գների կամ ոչ բարեխիղճ մրցակցության հետ կապված հարցերը: ՊԵԿ-ի կանխատեսումներով՝ չափի միավորը փոխելու արդյունքում պետք է որ գների աճ տեղի չունենար: Եթե եղել է՝ կա՛մ մեր ենթադրությունները սխալ էին, կա՛մ համապատասխան պատկան մարմինն այդտեղ անելիք ունի՝ գնագոյացումը բարեխի՞ղճ է, թե՞ ոչ: Որքանով տեղյակ եմ՝ ՏՄՊՊՀ-ն հստակ գործողություններ անում է»:
Անդրադառնալով իր նախկին հայտարարություններին, որ 8 գազալցակայններում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում, Դ.Անանյանը նշեց, որ այդ 8-ը դարձան 35, և ստուգումների արդյունքում 22 մլրդ դրամի հարկային պարտավորություն է առաջադրվել, որն ամբողջութամբ բողոքարկվել է և դատական գործընթաց է գնում: