ԱՄՆ-ը շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը Հայաստանում. դեսպան Թրեյսին՝ քաղաքապետ Մարությանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները և հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա:
«Համոզված եմ, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը», – ասել է Հայկ Մարությանը։
Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը:
«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ և վերահաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», – նշել է դեսպան Թրեյսին: