Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների ջրամատակարարումը կվերականգնվի 20։00-23։00-ը
Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում «Արզնի 1-Երեւան» ջրատարի վթարի հետևանքով դադարեցված ջրամատակարարումը ապրիլի 1-ի ժամը 20.00-23.00-ը կվերականգնվի։ Ջրամատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի ապրիլի 2-ի ժամը 24։00-ին: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն տեղեկացրել է Վեոլիա Ջուրը, «Արզնի 1 – Երեւան» մայրուղային ջրատարի վթարի պատճառով այսօր, ժամը 12.00-ից 36 ժամով դադարեցվել է Երեւանի Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջանների մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Միաժամանակ արվում է հնարավորինս օրվա կարգավորիչ ջրամբարներում /ՕԿՋ/ կուտակված ջրով թեթեւացնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը: Այդ աշխատանքների շրջանակներում, ինչպես քիչ առաջ մեզ հայտնեց «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը, այստեղ գտնվել է հնարավորություն երեկոյան ժամ 8.00-23.00 ջրով ապահովել հետեւյալ տարածքները.
• Կենտրոն վարչական շրջան՝ Զավարյան, Վրացյան, Կորի, Արհեստավորների, Ռոստոմի, Ծխախոտագործների, Աղյուսագործների, Շարա-Տալյան փողոցներ, Տիգրան Մեծի պող. 15-80, Խորենացի 26-144, Չարենցի 90-165, Վարդանանց 18-130, Եր. Քոչար 9-27, Քաջազնունի 9-110, Քրիստափորի 1-150 համարներ, Տիգրան Մեծի, Նար-Դոսի 1-3 եւ Խորենացի 1-4 նրբանցքներ;
• Էրեբունի վարչական շրջան՝ Լիսինյան, Լոմոնոսով, Աճեմյան, Երկաթգծի, Նար-Դոս, Բուռնազյան, Միչուրին, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Խորենացի 205-231, Գլինկա 1-25 համարներ:
Ընդ որում, բացառված չէ, որ մի շարք այլ վայրերում էլ նշված ժամերին վերսկսվի ջրամատակարարումը: Այնուամենայնիվ, թե այս եւ թե մյուս տարածքներում ջրամատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի ապրիլի 2-ին, ժամը 24.00-ին»: