
ԵՄ-ում պատրաստ են քննարկել Մեծ Բրիտանիայի հետ մաքսային միության տարբերակը. աղբյուր

Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի հետ կապված իրադրությունից դուրս գալու փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ մաքսային միությունը Եվրամիության հետ. Բրյուսելում պատրաստ են դա քննարկել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրախորհրդարանի մի աղբյուր:
«Իրադրությունից ելքը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի մաքսային միությունը ԵՄ-ի հետ: Բրյուսելում պատրաստ են քննարկել այդ տարբերակը»,-ասել էԷ գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ մաքսային միությունը թույլ է տալիս խուսափել «կոշտ» Brexit-ից՝ ԵՄ-ից առանց պայմանների մասին համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, ինչպես նաեւ լուծել միջիռլանդական սահմանի խնդիրը:
«Բայց մաքսային միությունը Մեծ Բրիտանիայից կպահանջի ԵՄ-ի հետ ընդհանուր առեւտրական քաղաքականության իրականացում եւ, որպես հետեւանք, հանրակցության մաքսային սակագների կիրառում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 29-ին երրորդ անգամ մերժել է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որն առաջարկել է վարչապետ Թերեզա Մեյը:
Այժմ Բրիտանիան կա՛մ պետք է գործողությունների նոր ծրագիր ներկայացնի Եվրամիությանը, կա՛մ ապրիլի 12-ին լքի ԵՄ-ն: Եթե բրիտանական կառավարությունը միությանն անդամակցության երկարատեւ հետաձգում խնդրի, երկրին հարկ կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հավանական է համարում ապրիլի 12-ի «կոշտ» Brexit-ը: