Մուն Չժե Ինը կոչ է արել ԱՄՆ-ին և ԿԺԴՀ-ին՝ շարունակել երկխոսությունը միջուկային հիմնախնդրի շուրջ
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն մտադիր են շարունակել երկխոսությունը միջուկազերծման շուրջ, չնայած Հանոյի գագաթնաժողովի անհաջողությանը: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը Սեուլի նստավայրում՝ ելույթ ունենալով իր օգնականների հետ կայացած խորհրդակցությունում:
«Ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածությունների բացակայությունը ժամանակավոր դժվարություններ է ստեղծել, բայց միանգամայն պարզորոշ հաստատվել է այն փաստը, որ Սեուլը, Վաշինգտոնը եւ Փհենյանը չեն ցանկանում վերադառնալ այն իրադրությանը, որը եղել է անցյալում»,-ընդգծել է Մուն Չժե Ինը:
Խոսելով հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք ուղեւորության եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մասին, նա նշել է, որ այն «միջուկային բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող ջանքերի արդյունքն է»:
Մուն Չժե Ինն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում ինքը կքննարկի «Վաշինգտոնի հետ փոխգործակցության ամրապնդման ուղիները Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման գործում հետագա առաջընթացի հասնելու համար, որը ներառում է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ երկխոսության վերսկսումը, թերակղզու լիակատար միջուկազերծումը եւ միջկորեական հարաբերությունների ու Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների բարելավումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: