Սրբազան սննդամթերք
Մեր լրատվամիջոցներում արտասահմանյան տնտեսական տեղեկատվությունից ամենաշատ թարգմանված ու ներկայացված լուրն այս շաբաթ ռուսաստանյան թանկացումների մասին էր: Թեման իսկապես հետաքրքիր ու կենսական է մեր համար: Որովհետև խոսքը ՌԴ-ում ցորենի և ալյուրի թանկացման մասին է:
Հայտնի է, որ Հայաստանն արտադրում է ցորենի պահանջարկի մեկ երրորդից մինչև 40 տոկոսը: Մնացյալը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից: Անցած տարի մեր իշխանությունների համար լուրջ փորձություն էր, երբ Վրաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 15-ից արգելելու է ՌԴ-ից բեռնատարներով ցորեն ներկրելը: Դա կարող էր էապես թանկացնել հացամթերքը մեր երկրում:
Ալտերնատիվ` սևծովյան նավահանգիստներով, ապա՝ երկաթգծով տեղափոխումը շատ թանկ էր լինելու: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ որոշակի իմաստով «ներքին» համարվող Սև ծովի նավահանգիստներում բեռնումների գները միջազգայինից գրեթե կրկնակի թանկ են: Դրան հարկավոր էր գումարել նաև երկաթուղով տեղափոխելու ծախսերը: Բայց խնդիրը հաջողվեց լուծել: Գոնե առժամանակ:
Հիմա կարծես վրացական իշխանություններն այս թեմային չեն վերադառնում: Ու հանկարծ նոր թանկացումների հեռանկար է բացվում: Նախ՝ ասենք, որ մեր ներքին շուկայում վերջին ութ ամիսների ընթացքում ալյուրի մեծածախ գինը երեք անգամ թանկացել է` 2018-ի ամռան վերջում, աշնանը և այս տարվա հունվարին: Երեք թանկացումն էլ տարօրինակորեն նույն չափն են արձանագրել` 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ռուս գործարարներին ու ռուսական մամուլին միշտ էլ զարմացրել է այն փաստը, որ իրենց հայկական գործընկերը (կամ` գործընկերները) պատրաստակամ են պայմանագրեր կնքել դոլարով: Մյուս հետխորհրդային հացահատիկ ներմուծող երկրները սովորաբար փորձում են պայմանագիր կնքել ռուսական ռուբլով: Մշտապես արժեզրկման վտանգի առաջ կանգնած ռուբլու պարագային հնարավոր է շահույթ ակնկալել: Որքան էլ տարօրինակ լինի՝ մեր մեծածախ շուկայում ալյուրը ոսկու նման վաճառվում է տարադրամով:
Թանկացման փաստը միշտ էլ կարելի է բացատրել արտաքին պատճառներով: Որովհետև վերջին 15 ամիսների ընթացքում մոտ 53 տոկոսով հացահատիկի գինը բարձրացել է Ռուսաստանում: Պատճառն այնտեղ բոլորին պարզ է` 2018թ. ՌԴ-ում նպաստավոր չէր: 2017թ. համեմատ՝ անցած տարի Ռուսաստանում մոտ 20 տոկոսով պակաս էր ցորենի բերք մթերվել (եթե չեմ սխալվում՝ 86 մլն տոննայի փոխարեն` 72): Այս մեծ քանակությունից մեր ներկրման մասնաբաժինն ընդամենը 300-330 հազար տոննա է: Դրան նաև գումարած՝ ներկրվող մոտ 50 հազար տոննա ալյուրը: Բայց հակառակի պես ռուսական անբարենպաստ տարին համընկավ մեր քաղաքական փոփոխությունների հետ:
Հետևաբար՝ նոր իշխանություններն այսօր ստեղծված իրավիճակը կանխատեսելու ժամանակ, ու, որ ավելի կարևոր է` փորձ, հմտություն չունեին: Այլ կերպ ասած՝ երկրորդ կամ ալտերնատիվ ծրագիր չկա: ՌԴ իշխանություններն աշնանը նույնիսկ ժամանակավոր արգելեցին ցորենի արտահանումը: Պարզ նպատակով` ապահովել անհրաժեշտ մթերումները և բավարար պետական պահուստ կուտակել: Այնուհետև արգելքը հանվեց: Իսկ մենք չէինք կանխատեսում, որ մոտալուտ ձմռանն ու գարնանը հացահատիկի գինն աճելու է: Չնայած, որ բարդ չէր: Ամենևին: Հիմա այլուրի թանկացման լուրը, շոումենի բառապաշարով ասած, նույնիսկ Ռուսաստանում է «թոփ տասնյակում»:
Ռուս փորձագետներն առաջին հերթին փորձում են պարզել, թե որքան կթանկանա հացը: Ի վերջո, հացը սրբացված է համարյա բոլոր ժողովուրդների մոտ: «Հացն ամեն ինչի լրումն է»,- պնդում է ռուսական ասացվածքը: Բայց ի տարբերություն մեզ` ռուս փորձագետները գիտեն, թե որքան է ալյուրի մասնաբաժինը հացի ինքնարժեքում: Այդ հսկա երկրում այն տատանվում է 20-30 տոկոսի սահմաններում:
Հայաստան, վերջին պաշտոնական տեղեկատվությամբ, 2018թ. ներկրվել է մոտ 328 հազար տոննա ցորեն: Պաշտոնապես այն արժեցել է 62.525 մլն դոլար: Դրանից բացի, անցած տարի ներկրվել է մոտ 42.25 տոննա ալյուր, որի դիմաց «արտահանվել է» 6.224 մլն դոլար: Սա է մեր սպառումների ծավալը: Եթե հավատանք պաշտոնապես համարյա ամեն օր արվող հայտարարություններին՝ մեր երկրում այլևս մոնոպոլիաներ չկան: Հավատալը, իհարկե, զուտ անհատական խնդիր է:
Մեկը կարող է գների նախկին ու հնարավոր աճը բացատրել Ռուսաստանի ներքին ու համաշխարհային շուկաների գործընթացներով: Իրավունք ունի: Բայց մեկ ուրիշն էլ կարող է մեզ հիշեցնել, որ ներքին մեծածախ շուկայում վերջին երեք թանկացումները շատ սինքրոն են եղել: Ավելին` կարող է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ամեն անգամ ճիշտ նույն չափով են համաժամանակյա բարձրացել:
Ընդունենք, որ նա էլ իրավունք ունի: