«Չկա լուր՝ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին». Քաղաքագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մարտի 29-ին կայացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ վերահաստատելով դրանք, և այստեղ փաստի ամրագրումը կայանում է նրանում, որ հայաստանյան կողմը ևս մեկ անգամ ներկայացրել է այն մոտեցումը, որն ունի և՛ բովանդակության, և՛ կարգավորման ուղիների վերաբերյալ: Նույնն արել է ադրբեջանական կողմը».- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Կողմերը ևս մեկ անգամ շեշտադրել են՝ գտնել եղանակներ, որոնք նպաստելու են խաղաղ կարգավորմանը և ձևավորելու են միջավայր, որը հետագայում նպաստելու է համապատասխան փաստաթղթի կամ ձևաչափի մշակմանը, ինչպես նաև՝ խաղաղությանը: Մենք տեսնում ենք այն միտումը, որ կողմերը խոսում են խաղաղության մասին: Այս հանդիպումը միտված է եղել առաջին հերթին՝ շեշտադրելու այն դրույթը, որ խաղաղությունը հանդես է գալիս՝ որպես միջոց կամ միջավայր, որի շրջանակներում պետք է կարգավորվի կոնֆլիկտը»,- հավելեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի կողմից Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայակոչելուն՝ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ դա նշանակում է՝ կողմերը կարևորում են հրադադարի ռեժիմի պահպանումը, զինադադարը:
«Այստեղ չկար հղում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, բայց շեշտադրվում է այն հանգամանքը, որ կարելի է իրականացնել գործողություններ՝ հումանիտար բնագավառում, ինչը տեսականորեն նշանակում է՝ փոխանակել այն մարդկանց, ովքեր գտնվում են երկու երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում, պատահական կամ ոչ պատահական հատել են սահմանը: Զարգացման ուղղությունը ցույց է տալիս, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները, և ԱԳ նախարարներն ունեն մանդատ՝ նախաբանակցել բանակցությունների հաջորդ փուլի համար: Այսինքն՝ ունենք կառուցողական միջավայր, դիրքորոշումների շարունակականություն, զինադադարի պահպանման համար դրական միջավայրի ստեղծում, ինպես նաև կան մինիմալ քայլիկներ՝ ուղղված հումանիտար էլեմենտների ներգրավվածությանը»,- նշեց քաղաքագետը:
Խոսելով Արցախը բանակցություններում ներգրավելու մասին՝ Ա.Մարգարովը նկատեց. «Դժվար թե ինչ-որ մեկն ակնկալում էր, որ մեկ հանդիպման կամ տվյալ հանդիպման ընթացքում այս հարցը կստանա դրական լուծում: Պարզ է, որ Արցախը շարունակելու է բանակցային գործընթացում լինել ՀՀ վարչապետի ներկայությամբ, Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցելությունների և փոխանակումների միջոցով: Նախորդ փաստաթղթում նշված է եղել, որ ձևաչափի փոփոխությունը պահանջում է բոլոր կողմերի ներգրավվածությունը, իսկ ներկա փաստաթուղթն այս հարցին չի անդրադարձել: Չկա նաև լուր՝ այս հարցը քննարկվե՞լ է և ի՞նչ արձագանք է ստացել»:
Անի Կարապետյան