«Ողջամիտ սահմաններում ահաբեկչության ռիսկի գոյությունը պետք է բացառել, սակայն չկորցնելով զգոնությունը». Վարդան Ոսկանյան

ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխինը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Հայաստանի տարածք: «Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Հայաստանի տարածք»,- ասել էր նա:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց՝ այն որոշ չափով չափազանցություն է, քանի որ ԻՊ ահաբեկչական կառույցը, ըստ էության, «Հայաստանում անելիքներ չունի և գործելու համար չունի հող»։

«Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանների մերձակայքում այդ խմբավորման գործունեությանը, ապա բնական է, որ Թուրքիայում այդ կառույցը վաղուց ներկա է, Ադրբեջանից էլ բազմաթիվ մարդիկ մասնակցել են այդ կառույցի ահաբեկչական գործողություններին Սիրիայում։ Այս իմաստով էլ ըստ էության որևէ բան չի փոխվել։ Ամեն դեպքում Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելյան շրջանում, այդ տարածաշրջանի թեժ գոտիներին բավականին մոտիկ է, հետևաբար՝ որոշակի զգուշավորությունը չի խանգարի մեր պատկան մարմիններին։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ՀՀ պատկան մարմիններն աշխատեն ռուսական կողմի հետ, հասկանալու համար, թե ինչ նկատի ուներ ռուսական համապատասխան կառույցն այդ հայտարարության մեջ»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Նրա դիտարկմամբ՝ ԻՊ-ի հարցում գործ ունենք ահաբեկչական ջախջախված կառույցի հետ, և ջախջախումն ընթացել է ոչ միայն ռազմական ուժի կիրառությամբ, այլև՝ ֆինանսավորման աղբյուրները փակելու կան կրճատելու արդյունքում։ Սակայն այդ մասշտաբի ահաբեկչակա խմբավորումն ամբողջովին արմատախիլ անել, ցավոք, չի հաջողվում։

«Հետևաբար՝ ամբողջովին բացառել դրանց կողմից որևէ գործողության իրականացում աշխարհի այս կամ այն կետում՝ միամտություն կլինի»,- շեշտեց իրանագետը։
Հարցին՝ ինչո՞վ կամ ինչո՞ւ Հայաստանը պետք է դառնա ահաբեկիչների թիրախը, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, թե չի կարծում, որ Հայաստանը կարող է դառնալ նման ահաբեկչության թիրախ։

«Ողջամիտ սահմաններում նման ռիսկի գոյությունն այս պահի դրությամբ պետք է բացառել, բայց կրկնում եմ՝ զգուշությունն ամենևին չի խանգարի՝ հաշվի առնելով մեր ներկայությունը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում զանազան տարբեր գործընթացներում։ Մենք պետք է դրա նշանակությունը ո՛չ շատ մեծացնենք, ո՛չ շատ պակասեցնենք՝ մեր հասարակության մոտ ստեղծելով անհանգստություններ, որոնք այդքան էլ տեղին չեն լինի այս պահին»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս