Կառավարությունը մերժեց զինծառայությունից արձակված անձանց առողջական վիճակի համալիր հետազոտության վերաբերյալ նախագիծը
ՀՀ կառավարությունը մերժեց պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է, որ պարտադիր ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:
Մարտի 29-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով նախագիծը՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը նշեց, որ եթե պարզվի՝ անձի առողջական վիճակը վատացել է զինծառայության ընթացքում և պատճառով, ապա պետությունը պարտավորվում է երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը:
«Նախարարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպարակման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է արդեն Կառավարության համապատասխան որոշմամբ, որի համաձայն զինվորական ծառայության ընթացքում ստացված խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:
Այստեղ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է համապատասխան փոփոխություն անել, որ ոչ միայն զորացրված, այլ նաև զինվորական ծառայության պատճառով վատթարացած առողջությամբ անձինք նույնպես օգտվեն այս հնարավորությունից: Այդ նախաձեռնության սկիզբը դրված է նախարարության կողմից»,- ասաց Ղամբարյանը: