
Եվրախորհրդարանը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի դեմ

Եվրախորհրդարանը (ԵԽ) մարտի 28-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ արտասահմանում պահվող ակտիվների նկատմամբ։
«ԵԽ-ն կոչ է անում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել իշխանությունների՝ արտասահմանում պահվող անօրինական ակտիվների, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտման եւ բռնաճնշումների համար, կարծում է, որ ԵՄ-ի իշխանությունները պետք է սահմանափակեն այդ անձանց, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների տեղաշարժը եւ սառեցնեն նրանց ակտիվներն ու այցագրերը»,-ասված է Վենեսուելայի իրադրության վերաբերյալ բանաձեւի տեքստում:
Փաստաթղթում նաեւ հաստատվում է Խուան Գուայդոյին որպես «Վենեսուելայի օրինական ժամանակավոր նախագահ» ճանաչելը եւ կոչ է արվում եվրոպական մի շարք երկրների՝ «շտապ կարգով» նույնպես ճանաչել նրա օրինականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: