ԱՄՆ-Իրան հարաբերությունները միջուկային «վթարից» հետո

ՆԱԽԱԲԱՆ

2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարած «ներգրավման քաղաքականությունը» (policy of engagement) Թրամփը փոխարինեց մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականությամբ:

 ԱՄՆԻՐԱՆ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 Ընդհանուր առմամբ, այս որոշումը սպասելի էր` հաշվի առնելով, որ դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը:

Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Նշվում էր, որ առաջին փուլում` 90 օրվա ընթացքում, Իրանի նկատմամբ կսահմանվեն արտարժույթի, մետաղների առևտրի և այլ միջոցների պատժամիջոցներ, իսկ 180 օրվա ընթացքում վերականգնվեցին նավատորմի, բանկային, նավթի և էներգետիկայի ոլորտի պատժամիջոցները: Պետդեպարտամենտը հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում Իրանի ամերիկացի գործընկերները պետք է դադարեցնեն այդ երկրի հետ առևտրային գործերը:

Պետք է նշել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի քաղաքականությունն ի սկզբանե անհամաձայնություն առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ի անդրօվկիանոսյան դաշնակցի` ԵՄ-ի հետ, այլ նաև ամերիկյան իսթեբլիշմենթում: Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթում էլ միակարծիք չեն Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության հարցում: Շատ վերլուծաբանների կարծիքով՝ մեծապես հենց այդ հանգամանքով էր պայմանավորված ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերին պաշտոններից հեռացնելն ու նրանց այնպիսի «բազեներով» փոխարինելը, ինչպիսիք են՝ ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը:

Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ նշելով, որ նա և Թիլերսոնը վատ չեն համագործակցել, սակայն մի շարք հարցերի շուրջ ընդհանուր համաձայնություն չեն գտել: «Եթե նայենք Իրանի հետ կնքված գործարքին, ես կարծում էի, որ այն սարսափելի է, իսկ նա դա նորմալ էր համարում: Ես ուզում էի լուծարել այն կամ ինչ-որ կերպ փոխել», – ասել է ԱՄՆ նախագահը: Նշենք, որ թե՛ Մայք Պոմպեոն և թե՛ Ջոն Բոլթոնն արտաքին քաղաքականության մեջ հայտնի են որպես կոշտ գծի կողմնակիցներ` hardliner-ներ: Օրինակ, Ջոն Բոլթոնը Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ համարվում էր Իրաքում պատերազմ սկսելու ամենամոլի կողմնակիցներից մեկը:

2018թ. օգոստոսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները համակարգելու նպատակով Պետդեպարտամենտում կստեղծվի «Իրանի դեմ գործողությունների խումբ» (Iran Action Group), որի ղեկավար նշանակվեց պլանավորման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Բրայան Հուկը: Իրանում անմիջապես նկատեցին, որ ԱՄՆ-ն այդ նորաստեղծ կառույցի մասին հայտարարեց 1953թ. հեղաշրջման 65-ամյակի նախօրեին, երբ Իրանի՝ ժողովրդավարական ուղիով ընտրված վարչապետ Մոհամմեդ Մոսադեղը տապալվեց ամերիկյան ԿՀՎ-ի և բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության կողմից:

Այս առնչությամբ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրեց. «65 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ը տապալեց ժողովրդի կողմից ընտրված դոկտոր Մոսադեղի ժողովրդավարական կառավարությունը՝ վերականգնելով բռնապետությունը և իրանցիներին հնազանդեցնելով հետագա 25 տարիների ընթացքում: Այժմ «Իրանի դեմ գործողությունների խումբը» ցանկանում է անել նույնը՝ ճնշումների, ապատեղեկատվության և դեմագոգիայի միջոցով: Այլևս չի կրկնվի դա»:

«Իրանի գործողությունների խմբի» ղեկավարը նշեց, որ այս խմբի հիմնական գործառույթն է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ իրականացնելը, և որ Վաշինգտոնը կփորձի նվազեցնել իրանական նավթի արտահանումն ու այն հասցնել զրոյի: Հուկը նշեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության թիմն այցելել է ավելի քան 24 երկիր` փորձելով համոզել նրանց, որ միանան Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին և առավելագույն ճնշում գործադրեն Թեհրանի վրա:

Ընդգծելով, որ «իրանական վարչակարգը տարածաշրջանում անկայունության և բռնության շարժիչ ուժն է»՝ ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին, որն ուղղված է պաշտպանելու Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու գործընկերների անվտանգությունը: Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն ընկերությունները և երկրները, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, գործ կունենան ԱՄՆ-ի հետ ու կհայտնվեն պատժամիջոցների ներքո: Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և աշխարհի շատ այլ երկրներ չմիացան Միացյալ Նահանգներին հակաիրանական պատժամիջոցներ կիրառելու համար՝ հայտարարել են, որ կպաշտպանեն իրենց տնտեսական շահերն Իրանում:

Պատժամիջոցների առաջին փուլը սկսվեց օգոստոս ամսից և տարածվեց արտարժույթի գնման հնարավորության, Իրանի ազգային արժույթի՝ ռիալի՝ արտասահմանում փոխանակելու, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտրի, մետաղների արտահանման, բարձր տեխնոլոգիաների ներմուծման և մեքենաշինության վրա։ Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլում թիրախավորվեցին իրանական նավթի արտահանումը, բանկային միջազգային գործարքները և նավթատարների ապահովագրումը։

Արգելափակվել են Իրանի կառավարության, իրանական էներգետիկ ընկերությունների՝ Iranian Oil Company-ի և Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց և ընկերությունների ակտիվները: Այդ պատժամիջոցները ներառել են ավելի քան 600 ընկերությունների և ֆիզիկական անձանց: Կտրուկ սահմանափակվել է նավթի արտահանումը:

Ամերիկացի պաշտոնյաներն ի սկզբանե հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները հիմնական հարվածը հասցնելու է իրանական նավթային հատվածին, քանի որ Իրանի արտահանման առյուծի բաժինն ընկնում է նավթի արտահանմանը, նավթարդյունաբերությունն այդ երկրի տնտեսության ողնաշարն է և արտարժույթի հիմնական աղբյուրը: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի հիմնական թիրախում էին հայտնվել հատկապես ասիական այն երկրները (Հնդկաստան, Հարավային Կորեա և Ճապոնիա), որոնք ԱՄՆ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեն և միևնույն ժամանակ իրանական նավթի խոշոր գնորդներ են:

ՀԳՀԾ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Միացյալ Նահանգների այս պատժամիջոցային քաղաքականությունը, բնականաբար, անհետևանք չի մնացել: Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու և նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Թրամփի հայտարարությունից հետո իրանական շուկան լքելու մասին են հայտարարել տարբեր ոլորտներում գործող համաշխարհային մի քանի տասնյակ ընկերություններ:

Այսպես, այդ մասին հայտարարել են այնպիսի էներգետիկ հսկաներ, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Total» ընկերությունը (որը համագործակցում էր «Իրանական նավթային ազգային ընկերության հետ (NIOC) Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ փուլը մշակելու համաձայնագրի շրջանակներում), ռուսական «Լուկոյլը», ֆրանսիական Engie ընկերությունը, ամերիկյան «General Electric»-ը, Siemens-ը, համաշխարհային ավտոմոբիլային հսկաներ՝ գերմանական Daimler-ն ու ֆրանսիական ավտոարտադրող PSA Group-ը (որը ներկայացնում է Citroën, Peugeot, Opel, Vauxhall, Hindustan Motors և DS Automobiles ապրանքանիշները և տարեկան մոտ 445,000 ավտոմեքենա էր վաճառում Իրանում), հեռահաղորդակցության ոլորտում գործող Deutsche Telekom-ը և այլն: Այս կապակցությամբ Siemens ընկերության գործադիր տնօրեն Ջո Քեզերը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր տպավորությամբ համաշխարհային ընկերություններին այլևս թույլ չի տրվում նոր պատվերներ ընդունել Իրանից, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժել այդ ընկերություններին:

Siemens-ի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանի հետ ընկերության բիզնեսը կազմում է իրենց ընդհանուր եկամտի «շատ փոքր մասը», իսկ ահա միայն ԱՄՆ-ից Siemens-ի տարեկան եկամուտը կազմում է 20 միլիարդ դոլար՝ ընկերության համաշխարհային վաճառքի մոտ 20 տոկոսը: «Իրանի պատվիրած 98 ինքնաթիռները մատակարարելուց հրաժարվեց նաև Airbus»-ը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում այդ երկրի համար, քանի որ նրա ինքնաթիռային պարկը բավականին հնացած է:

Իրավիճակն աղետալի է նաև ֆինանսաբանկային ոլորտում: Նախորդ տարվա հուլիսի կեսերին Mitsubishi UFJ Financial Group Inc (MUFG) ընկերությունը, որը համարվում է Ճապոնիայի խոշորագույն բանկը, հայտարարեց, որ ամերիկյան պատժամիջոցների կապակցությամբ դադարեցնում է Իրանի հետ կապված բոլոր ֆինանսական գործողությունները: Իսկ 2018թ. աշնանն ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Սիգալ Մանդելկերը հայտարարեց, որ Իրանի Կենտրոնական բանկը և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված իրանական այլ իրավաբանական անձինք հանվել են տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգից: Մանդելկերը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է ճնշում գործադրել Իրանի վրա և դրա համար լրացուցիչ միջոցներ կձեռնարկի:

Այս պատժամիջոցները, բնականաբար, լուրջ հարված են հասցրել Իրանի տնտեսությանը: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, սկսեց մեծ անկում ապրել: Ներկայումս այդ երկրում գնաճը կազմում է 40%, գործազրկության մակարդակը պաշտոնապես 11.7% է, իսկ ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ այն հասնում է մինչև 30%-ի, ինչի հետևանքով բավականին հաճախակիացել են գործադուլները, բողոքի ցույցերը, որոնք շատ հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով ու զոհերով։

Ստեղծված իրավիճակում երկրում ծայր առած դժգոհությունների ալիքը մեղմելու, մասամբ նաև արմատականներին հանգստացնելու համար նախագահ Ռոուհանին նախորդ տարի ստիպված եղավ փոխել կառավարության տնտեսական բլոկի նախարարներին։ Սակայն Իրանի մեջլիսի պատգամավորներն այդքանով չսահմանափակվեցին: Դա հանգեցրեց նրան, որ նրանք խորհրդարան հրավիրեցին երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, և վերջինս ստիպված եղավ պատգամավորներին պարզաբանումներ տալ երկրում ստեղծված ծանր տնտեսական վիճակի մասին: Իր ելույթում Հասան Ռոուհանին նշեց, որ կառավարությունը կարողացել է ընդամենը չորս տարվա ընթացքում մաքսանենգությունը կրճատել 25-ից և հասցնել 12.5 միլիարդ դոլարի:

Նա նաև խորհրդարանականներին հիշեցրեց, որ 2013թ.՝ իր իշխանության գալուց առաջ, Իրանում տնտեսական աճը բացասական էր (2012թ. այն կազմել է -7,7%, 2013թ.՝ -0,3%), իսկ գնաճի մակարդակը կազմում էր ավելի քան 30%: 2016թ. Իրանի տնտեսական աճը հասել է 12,5%-ի, որը կապված էր կառավարության կողմից ձեռնարկված մի շարք քայլերի հետ, իսկ նախորդ հինգ տարիների ընթացքում միջին աճը գերազանցել է 4%-ը: Եվ չնայած Մեջլիսում Հասան Ռոուհանիի տված պարզաբանումներին՝ դրանք իրանական խորհրդարանի պատգամավորներին չբավարարեցին, և նրանցից ոմանք ցանկություն հայտնեցին դիմել դատական մարմիններին, որպեսզի քննեն գործը, իսկ որոշներն էլ նախագահին իմպիչմենթի ենթարկելու մասին ցանկություն հայտնեցին:

Հարկ է նշել, որ Իրանի տնտեսական դժվարությունների մեծ մասը կապված է նավթի արտահանման ծավալների նվազեցման հետ: 2019թ. հունվարին Իրանում նավթի արդյունահանումը հասել է մինչև օրական 2.754 միլիոն բարելի, ինչն օրական 1.064 միլիոն բարելով պակաս է 2018թ. մայիսի ցուցանիշներից, այն պահից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից: Հունվարին Իրանում նավթի արդյունահանումը հասել է 2014թ. հոկտեմբերից հետո ամենացածր մակարդակին: Այդպիսի ցածր ցուցանիշ էր գրանցվել իրանական նավթի արտահանման համար կիրառվող միջազգային պատժամիջոցների նախորդ փուլում (2012-2016թթ.):

Ինչպես արդեն նշվեց վերևում, ԱՄՆ-ը հայտարարել է, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Այս հեռանկարը, բնականաբար, ջղաձգում է Իրանի իշխանություններին: 2018թ. հուլիսին Իրանի իշխանությունները նույնիսկ հայտարարեցին, որ եթե ԱՄՆ-ը շարունակի քայլեր ձեռնարկել Իրանի նավթի վաճառքը զրոյի հասցնելու ուղղությամբ, ապա այդ երկիրը կփակի Օրմուզի նեղուցը, որտեղով անցնում է համաշխարհային նավթի 20 տոկոսը:

Նշվում էր, որ դա կհանգեցնի նավթի համաշխարհային գների աննախադեպ աճի՝ 240 դոլար մեկ բարելի համար: Սակայն ավելի ուշ իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին մի քանի ամսվա սպառնալիքներից հետո պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով,  8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին` Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նշեց, որ բացառությունը վերաբերում է հետևյալ 8 երկրներին՝ Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թուրքիա և Թայվան:

Բացի տնտեսական պատժամիջոցներից Միացյալ Նահանգները ձգտում է նաև Իրանին մեկուսացնել քաղաքականապես: Մասնավորապես, այս տարեսկզբին Մերձավոր Արևելք կատարած այցից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները փորձում է համաշխարհային հակաիրանական կոալիցիա ձևավորել: «Տվյալ ուղևորության տարրերից մեկն է մի այնպիսի կոալիցիա ստեղծելու ջանքերը, որում կներառվեն Պարսից Ծոցի երկրները, Իսրայելը, համայն աշխարհի եվրոպական և ասիական երկրները, այն երկրները, որոնք հասկանում են, որ աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավոր պետությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը», -հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը:

Միաժամանակ, հարց է ծագում, թե ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումն ինչպիսի հետևանքներ է ունեցել ԱՄՆ-ի համար: Այս տեսանկյունից պետք է նշել, որ Թրամփի որոշման հետևանքով զգալիորեն տուժել է Միացյալ Նահանգների հեղինակությունը, քանի որ ԱՄՆ-ը խախտեց իր իսկ ստորագրած համաձայնագիրը և միակողմանիորեն դուրս եկավ դրանից, այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ի բոլոր զեկույցներում նշվել է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Այժմ շատ երկրների կողմից ԱՄՆ-ը դիտվում է որպես անվստահելի գործընկեր և ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումից հետո Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այլևս անիմաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրելը, քանի որ չի կարելի վստահել մի պետության, որը խախտել է իր իսկ ստորագրած միջազգային համաձայնագիրը:

Սակայն մյուս կողմից էլ ԱՄՆ-ը որոշակիորեն շահեց դրանից, քանի որ նրա ձեռքերն ազատվել են և բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, այն դեպքում, երբ Թեհրանը մնացել է ՀԳՀԾ-ի մեջ, սահմանափակված է այդ համաձայնագրով և ոչ դուրս է եկել դրանից, ոչ էլ միջուկային զենք ստեղծել:

Միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ նախագահը մեծ «նվեր» մատուցեց Մերձավոր Արևելքում իր երկու դաշնակիցներին՝ Իսրայելին և Սաուդյան Արաբիային, ահռելի վնասներ հասցնելով նրանց ոխերիմ թշնամի Իրանին: Բացի այդ ամերիկյան վարչակազմն անուղղակիորեն Իրանի միջոցով ուժեղացնում է արաբական երկրների վախերը, և այդ ամենի խորապատկերին ոմանց (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և այլն) մեծ քանակությամբ զենք է վաճառում: Մասնավորապես, 2017թ. Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության ժամանակ Թրամփն ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ռազմական գործարքը կնքեց: Ըստ այդ գործարքի՝ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային առաջիկա 20 տարվա ընթացքում 110 մլրդ դոլարի զինտեխնիկա կվաճառի:

ԱՄՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Բացի պատժամիջոցներից ԱՄՆ-ը նաև հոգեբանական մեծ պատերազմ է մղում Իրանի դեմ: Ամերիկյան իշխանությունները մշտապես Իրանը ներկայացնում են որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր, փորձում են մեկուսացնել և  հրեշայնացնել (դեմոնիզացնել) այդ երկիրը: Այսպես, 2018թ. հունիսի 30-ին Փարիզում տեղի ունեցավ «Իրանական ժողովուրդների մոջահեդների կազմակերպության» (Մոջահեդինե Խալղ, անգլերեն՝ MEK կամ MKO) ամենամյա խոշոր համագումարըը: Այս կազմակերպությունն իրանական արմատական ​​կազմակերպություն է, որի շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում, և այն երկար տարիներ պայքարում է իրանական իշխանությունների դեմ:

Իրանն այդ կազմակերպությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Իրանի իշխանությունների տվյալներով՝ 1979թ.-ից ի վեր այս կազմակեպության անդամների ձեռքով սպանվել է 18.000 իրանցի, որոնց թվում են եղել նաև Իրանի երկրորդ նախագահ Մոհամմեդ Ռաջային, նախկին վարչապետ Մոհամմեդ Բահոնարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Երկար տարիներ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այս կազմակերպությունը ճանաչել են որպես ահաբեկչական, սակայն 2009թ.-ից նախ՝ ԵՄ-ը, իսկ 2012թ.-ից նաև Միացյալ Նահանգներն այդ կազմակերպությունը հանել են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

Նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մեծ հավաքին, ըստ տարբեր գնահատականների, ներկա էին 2000-ից մինչև 4000 մարդ: Նրանց թվում էին նաև նախկին պաշտոնյաներ ԱՄՆ-ից, Եվրոպայի և տարածաշրջանի մի քանի այլ երկրներից: Մասնավորապես, հանդիպմանը ներկա էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, այժմ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը, Կանադայի նախկին վարչապետ Ստիվեն Հարփերը և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները:

Համագումարի հիմնական թեմաներից էին Իրանի ներքաղաքական և տնտեսական վիճակը, զանգվածային ցույցերը, որոնք մասնակիցներն անվանեցին «մոտ ապագայում իսլամական հանրապետության փլուզման նշան», ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքները և այլն:

Իր ելույթում շեշտը դնելով Իրանի վարչակարգի տապալման վրա՝ Ռուդի Ջուլիանին հայտարարեց, որ անհրաժեշտ է վերականգնել ժողովրդավարական կարգն Իրանում: Մասնավորապես, նա կոչ արեց փոխել Իրանի վարչակարգը` նշելով, որ դրա հեռանկարն այժմ առավել, քան մոտ է իրագործմանը, քանի որ գործադուլներն ու բողոքի ալիքը տարածվել են ամբողջ Իրանով մեկ: Նա նաև հույս հայտնեց, որ MEK-ի հերթական ամենամյա կոնֆերանսը հաջորդ տարի կանցկացվի Թեհրանում: Նիթ Գինգրիչը նույնպես նշեց, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման միակ ձևը բռնապետությունը ժողովրդավարությամբ փոխարինելն է, և որ դա պետք է լինի իրենց նպատակը»:

Ինչպես և սպասվում էր, Իրանը խիստ քննադատության ենթարկեց այս համագումարը և ամերիկացի նախկին պաշտոնյաների մասնակցությունը դրան: Բացի այդ Իրանի ԱԳՆ հրավիրվեց Ֆրանսիայի դեսպանը, ում բողոքի նոտա հղվեց` MEK-ի գագաթաժողովը Փարիզում անցկացնելու համար:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ԵՎ ՄՅՈՒՆԽԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԸ

Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից տարվող հոգեբանական պատերազմի և այդ երկրին քաղաքականապես մեկուսացնելու դրսևորում կարելի է համարել նաև փետրվարի 13-14-ը Վարշավայում տեղի ունեցավ Իրանի հարցերով կոնֆերանսը և դրան հաջորդած Մյունխենի անվտանգության կոնֆերանսը: Նախապես ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում էին, որ Վարշավայում անցկացվելու է Իրանի հարցերով կոնֆերանս, և այդ նպատակով հրավիրվել էին աշխարհի 100-ից ավելի երկրների արտաքին գործերի նախարարներ: Սակայն որոշակի ժամանակ անց պարզ դարձավ, որ Սպիտակ տան ակնկալած ներկայացուցչական կոնֆերանսը չի կայանալու, քանի որ դրան հրաժարվեցին մասնակցել Ռուսաստանի, Չինաստանի, եվրոպական առաջատար երեք երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Դրանից հետո իրենց դեմքը փրկելու համար ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ այն նվիրված է լինելու ամբողջ Մերձավոր Արևելքի խնդիրներին ու նրա ապագային, և դա հակաիրանական ակցիա չի լինելու:

Կոնֆերանսից առաջ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելեց Լեհաստանում գտնվող Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի թանգարան, որից հետո Իրանին համեմատեց նացիստների հետ՝ նրանց մեղադրելով հակասեմիտականության մեջ: «Թեհրանում գոյություն ունի մի վարչակարգ, որը նույնքան նողկալի հակասեմականություն է շնչում, որը Եվրոպայում ոգեշնչում էր նացիստներին», – հայտարարել է Փենսը:

Վարշավյան կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եվրոպական առաջատար երեք երկրներին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) մեղադրեց ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ: Նա ԵՄ-ին կոչ արեց հետևել Թրամփի  կառավարությանը և դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Փենսն Իրանին բնութագրեց որպես համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը վտանգող գլխավոր ազդակ, իսկ Եվրոպայի ու Իրանի միջև ֆինանսական նոր մեխանիզմի գործադրումը՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձ:

Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Մայք Փենսը նշեց, որ Իրանը հովանավորում է  ահաբեկչությունը՝ նորից պնդելով, որ Եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունն Իրանին և դուրս գա ՀԳՀԾ-ից: Նա հավելեց, որ եվրոպացի գործընկերները պետք է համաքայլ լինեն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ ու դադարեցնեն դրանք շրջանցելուն ուղղված քայլերը:

Մյունխենում ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրոպան, չնայած բոլոր ճնշումներին, շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, քանի որ այն շատ կարևոր է տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության համար: Նույն միտքն արտահայտեց նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը՝ մերժելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի հորդորը: Նրա խոսքերով՝ «Գերմանիան Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ համաձայնագիրը պահպանելու և շարունակելու ուղիներ է գտել, ու առանց այս համաձայնագրի տարածաշրջանն ավելի ապահով չի լինելու: Ընդհակառակը, մենք ավելի կմոտենանք հակամարտություններին»: Մաասի այս դիրքորոշումը հաստատեց նաև Անգելա Մերկելը, որը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն արդյունավետ համաձայնություն է, որն արժե պահպանել:

Իր հերթին Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը մյունխենյան համաժողովի օրերին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ միջուկային համաձայնագիրը 13 տարվա բանակցությունների արդյունք է:  «Մենք ստորագրել ենք 150 էջանոց համաձայնագիր, ոչ թե երկու էջանոց փաստաթուղթ, որը ստորագրվել է Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի միջև»:

ԻՐԱՆ-ԱՄՆ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԸ ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Իրանի և ԱՄՆ-ի միջև սկիզբ առած լարվածության նոր փուլը տեղափոխվեց նաև միջազգային իրավական հարթակներ: 2018թ. օգոստոսին ՄԱԿ-ի դատարանը սկսեց քննել Իրանի կողմից ընդդեմ ԱՄՆ-ի ներկայացված հայցը: Թեհրանը գտնում է, որ Վաշինգտոնը խախտել է 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը նախատեսում է, որ կողմերը փոխադարձ աջակցություն կցուցաբերեն առևտրի հարցում: ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի ևս մեկ պատճառ է նաև այն, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 2016թ. հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել ավելի վաղ սառեցված իրանական ակտիվներից երկու միլիարդ դոլար՝ հայտարարելով, որ այդ գումարը պետք է ուղղվի ամերիկյան այն ընտանիքների համար, որոնց հարազատները զոհվել են 1983թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և այլ ահաբեկչական հարձակումների արդյունքում՝ չնայած Իրանը մինչ այժմ էլ ժխտում է իր կապն այդ ահաբեկչության հետ: ԱՄՆ իշխանություններն Իրանին որակել են «ահաբեկչության հովանավոր» և կալանք դրել այդ ակտիվների վրա:

Եվ ահա մի քանի ամիս քննելուց հետո ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդդեմ ԱՄՆ-ի որոշում կայացրեց: Միջազգային դատարանի որոշման համաձայն՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից պետք է հանի մարդասիրական օգնության և քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող ապրանքները` չնայած ԱՄՆ-ում կարծում էին, որ Իրանի հայցն անընդունելի է, և դատարանը չպետք է բավարարի իրանական կողմի պահանջները, քանի որ հայցը չի տարածվում 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագրի վրա և ենթակա է մերժման:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը բարձր գնահատեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Միացյալ Նահանգների դեմ 1955թ. բարեկամության մասին պայմանագրի խախտման և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ ողջունվել է իրենց օգտին Միջազգային դատարանի որոշումը: «Սա Իրանի Իսլամական Հանրապետության օրինականության և Իրանի ժողովրդի դեմ ամերիկյան պատժամիջոցների ապօրինի և դաժան բնույթի ևս մեկ հստակ ապացույց է: Միջազգային դատարանը նաև աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, որը հաստատում է Համատեղ գործողությունների համընդգրկուն ծրագիրը (ՀԳՀԾ-ն)», – նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԻՐԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՕՂԱԿ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ պաշտոնյաներին ևս կոչ արեցին հետևել իրենց օրինակին: Ավելին, ամերիկյան վարչակազմը եվրոպական կողմին սպառնում էր, որ եթե շարունակեն առևտուրն Իրանի հետ, խնդիրներ կունենան իրենց հետ:

Սակայն, պետք է նշել, որ ԵՄ-ը տեղի չտվեց ամերիկյան ճնշումներին և հայտարարեց, որ մնալու է համաձայնագրում: Պետք է հստակ արձանագրել, որ Եվրամիությունն այս հակամարտության մեջ կայունացնող դեր է խաղում, և եթե չլինեին Բրյուսելի գործուն քայլերը, համաձայնագրից, հավանաբար, դուրս կգար նաև Իրանը, ինչն էլ ավելի կմեծացներ լարվածությունը տարածաշրջանում: ԵՄ արտաքին հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Իրանին կոչ արեց զերծ մնալ կտրուկ քայլերից և դուրս չգալ համաձայնագրից: Ի պատասխան դրա՝ Իրանը հայտարարեց, որ եթե իր տնտեսական շահերը չպաշտպանվեն, ինքը նույնպես դուրս կգա այդ համաձայնագրից:

Բրյուսելը Թեհրանին խոստացավ, որ արտոնյալ պայմաններ կստեղծի նրա համար, որպեսզի Իրանը տնտեսապես նվազագույն կորուստներ ունենա: Այդ կապակցությամբ նախ ԵՄ-ն ընդունեց մի օրենք` Blocking statut-ը, որը նպատակ ուներ Իրանում աշխատող եվրոպական ընկերություններին պաշտպանել ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հասցված վնասներից: Ավելի ուշ ԵՄ-ը հայտարարեց, որ գործարկելու  է նոր ֆինանսա-տնտեսական մեխանիզմ՝ SPV-ը (անգլերեն՝ special purpose vehicle), որով Իրանի համար հնարավորություն կստեղծվի առևտուր և ֆինասնական գործարքներ կատարել ԵՄ-ի հետ:

Նախապես նշվում էր, որ այն կգործարկվի մինչև նոյեմբերի 4-ը, ապա դրա գործարկումը տեղափոխվեց մինչև 2018թ. վերջը, և միայն 2 անգամ հետաձգելուց հետո ԵՄ անդամ երեք երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, 2019թ. փետրվարին գործարկեցին նոր ֆինանսա-տնտեսական մեխանիզմ՝ Instex-ը (Instrument in Support of Trade Exchanges): Այն միջնորդավորված ընկերություն է, որը տեղակայված է Փարիզում: Ընկերությունը կգլխավորի «Commerzbank»-ի նախկին տնօրեն, գերմանացի Պեր Ֆիշերը:

Դիտորդական խորհրդի նախագահ է լինելու ազգությամբ բրիտանացի պաշտոնյա: Դրամական օպերացիաների համար օգտագործվելու է եվրոն և բրիտանական ֆունտ ստերլինգը: Սկզբնական շրջանում այդ մեխանիզմից կարող են օգտվել Իրանը և ԵՄ երեք երկրները, սակայն հետագայում 3-րդ երկրները նույնպես հնարավորություն կունենան միանալ այդ նախագծին:

Սակայն, պետք է նշել, որ նախատեսված և այդպես էլ չգործարկված SPV-ն ավելի առաջադեմ ֆինանսական մեխանիզմ էր ենթադրում, քան INSTEX-ը: SPV-ի ներդրումն Իրանին թույլ կտար շարունակել նավթի և գազի վաճառքը Եվրոպա նվազագույն խափանումներով: Իսկ ահա INSTEX-ն ավելի քիչ հնարավորություններ ունեցող մեխանիզմ է, որը հիմնականում կօգտագործվի եվրոպական փոքր և միջին ընկերությունների կողմից, և ավելի քիչ է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո հայտնվելու հավանականությունը. նախ և առաջ այն նախատեսված է մարդասիրական այնպիսի ապրանքների առևտրի համար, ինչպիսիք են բժշկական պարագաները և սնունդը:

Նախատեսվում էր, որ ​​SPV-ը որոշակի նմանություններ կունենար SWIFT-ի հետ կամ կլիներ այլընտրանքային SWIFT, իսկ ահա INSTEX-ն ավելի մոտ է քլիրինգային պալատին (հատուկ միջբանկային կազմակերպություն, որն անկանխիկ հաշվարկներ է իրականացնում չեկերի և այլ վճարային փաստաթղթերի փոխադարձ պահանջների հաշվանցման ճանապարհով): Կարճ ասած, սա ապրանքափոխանակության ծրագիր է՝ «եվրոպական բժշկական պարագաներ և մարդասիրական ապրանքներ՝ իրանական նավթի դիմաց»: Սակայն մյուս կողմից էլ պետք է ընդգծել, որ Իրանը տարեկան մոտ 800 մլն եվրո արժողությամբ դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ է ներմուծում Եվրոպայից, ուստի այդ ապրանքները մեծ ազդեցություն ունեն այդ երկրի կյանքի որակի և բարեկեցության վրա, չնայած որ Իրանի ակնկալիքները ԵՄ-ից ավելի մեծ են:

INSTEX-ը դեռևս չի աշխատում: Օրերս Իրանում ստեղծվեց INSTEX-ի «հայելային» իրանական ընկերությունը, որը կոչվում է STFI (Special Trade and Finance Institute): Չնայած այդ ամենին՝ Իրանի և ԵՄ-ի միջև գործարկված առևտրա-ֆինանսական մեխանիզմի արդյունավետությունը և հեռանկարները շատ մշուշոտ են, քանի որ Միացյալ Նահանգներն ամեն կերպ փորձում է խափանել նաև Իրանի և Եվրոպայի միջև առևտրա-տնտեսական կապերի զարգացումը: Այս լույսի ներքո, նույնիսկ, եթե եվրոպական ընկերությունները որոշեն մասնակցել իրանական նավթի գնումներին INSTEX-ի կողմից, անանունության երաշխիքները լիովին չեն երաշխավորում, որ իրանական նավթը գնող եվրոպական ընկերությունները չեն հայտնվի ամերիկյան պատժամիջոցների ներքո: Ամենայն հավանականությամբ, INSTEX-ի միջոցով առավելապես գործարքներ կիրականացնեն եվրոպական փոքր և միջին ընկերությունները:

Պետք է ասել, որ այս նոր ֆինանսական մեխանիզմն այդքան էլ միանշանակ չի ընդունվել Իրանում: Այն բանից հետո, երբ ԵՄ-ը պաշտոնապես հայտարարեց INSTEX-ի գործարկման մասին, Իրանում հիմնականում ողջունեցին այդ մեխանիզմի ներդրումը՝ համարելով այն Իրանի տնտեսական բարեկեցությունն ապահովելու համար ԵՄ կողմից կատարած առաջին քայլը, սակայն շատերը խիստ քննադատում են այն՝ համարելով, որ բավարար չափով հաշվի չեն առնվել Իրանի շահերը: Այսպես, երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս նոր ֆինանսական և առևտրային մեխանիզմն ավելի շատ նման է դառը կատակի, և ոչ մի նշանակություն չունի այն, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում մնալ համաձայնագրում, բայց ինքը գործնականում դուրս է եկել միջուկային համաձայնագրից՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով:

Իսկ ահա նրա գլխավոր խորհրդական, Արտաքին գործերի և մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար, Իրանի Իսլամական Հանրապետության դատական​​ համակարգող Մոհամմադ Ջավադ Լարիջանիին Եվրոպայում և Իրանում հատուկ ֆինանսական մեխանիզմի վերաբերյալ հայտարարել է հետևյալը. «Այն բավականին սահմանափակ է և տարածվում է միայն զգայուն դեղորայքի և սննդի նկատմամբ: Սննդամթերքը և դեղորայքը բացառություններ են բոլոր պատժամիջոցներում, այս հարցերը հանված են նաև ՄԱԿ-ի բանաձևերում, այնպես որ այն ոչինչ չարժե: Ի վերջո, խնդիրն այն է, որ չեղյալ հայտարարենք մեր դեմ սահմանված հսկայական պատժամիջոցները, այլ ոչ թե սննդամթերքի և դեղորայքի նկատմամբ պատժամիջոցները, ինչը որ չեղավ»:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԴԻՐՔԱՎՈՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՄՆ կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալը խնդիրներ է առաջացրել այն բոլոր երկրների հետ, որոնք առևտրային կապեր ունեն Իրանի հետ: Բացառություն չէ նաև Հայաստանը, և Երևանը որոշ չափով կաշկանդված է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու առումով: Բնականաբար, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից ուղղակի թե անուղղակի տուժում է նաև Հայաստանը: Մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իրանական Մելաթ բանկը ներառեց ամերիկյան պատժամիջոցների ցանկում, իսկ բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ  Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը, որը հանդիսանում է իրանական Mahan Air ավիաընկերության առևտրային ներկայացուցիչը Երևանում, հայտնվել է ամերիկյան պատժամիջոցերի թիրախում: Պատճառն այն է, որ Mahan Air բեռներ փոխադրող ավիաընկերությունն արդեն իսկ գտնվում էր ամերիկայն պատժամիջոցների տակ, քանի որ ըստ Վաշինգտոնի, իրականացնում է դեպի Սիրիա մարդկանց և ռազմական տեխնիկայի առաքումներ: Բացի այդ, Հայաստանում Իրանի քաղաքացիները, այդ թվում նաև իրանահայերը չեն կարողանում դրամական փոխանցումներ կատարել և գումար ստանալ հայկական բանկերի միջոցով:

Սակայն, պետք է նշել նաև, որ Հայաստանն իրանական պատժամիջոցներից ամենաքիչ տուժած երկրներից է: Նախ՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում հիմնականում Իրանի նավթի արտահանումն է, իսկ Հայաստանը նավթ չի ներկրում իր հարավային հարևանից: Բացի այդ, Իրանում չկան հայաստանյան կապիտալով գործող ընկերություններ, որոնք կտուժեին ամերիկյան պատժամիջոցներից: Իսկ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում ըմբռնում կա Հայաստան-Իրան հարաբերությունների բնույթի վերաբերյալ, և Վաշիգտոնում շատ լավ են հասկանում, որ Թեհրանի հետ հարաբերությունները Երևանի համար կենսական, անվտանգային նշանակություն ունեն:

Այդ մասին նախորդ տարի հայտարարեց նաև Հայաստան ժամանած Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

Մասնավորապես, լրագրողների հարցին, թե արդյոք հնարավոր են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ Իրանի բարեկամ ՀՀ-ի հանդեպ, ամերիկացի պաշտոնյան հայտարարեց հետևյալը. «Մեր պատժամիջոցների թիրախում կոնկրետ իրանական ընկերություններ են: Հայկական, ինչպես և վրացական ու  ադրբեջանական ընկերությունները, պետք է իմանան, թե ովքեր են իրենց իրանցի գործընկերները: Այո, մենք հորդորում ենք որոշ իրանական ընկերությունների հետ առևտրային հարաբերություններ չձևավորել, քանի որ հնարավոր է՝ դրանք պատժամիջոցների տիրույթում լինեն»: Քենթը նաև հայտնեց, որ պատժամիջոցների հարցերով մասնագիտացած ամերիկացի պաշտոնյաները նոյեմբերին կայցելեն ՀՀ՝ իրանական ընկերությունների հետ առևտրային հարցերի շուրջ հանգամանալից խոսելու հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ[x]:

Եթե ավելի կոնկրետ, ապա Հայաստանը պետք է զերծ մնա առևտրային գործարքներ իրականացնելուց իրանական այն ընկերությունների հետ, որոնք կապ ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ և ներառվել են ամերիկյան պատժամիջոցների ցանկում: Իսկ ահա հայ-իրանական էներգետիկ ծրագրերի, գազի ներկրման ծավալներն ավելացնելու և Հայաստանն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Թեհրանում արած հայտարարություններին ամերիկյան կողմը չի արձագանքել, և թվում է՝ այդ առումով Վաշինգտոնում որևէ խնդիր չեն տեսնում:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նշույլներ չկան: Թրամփի վարչակազմն ամեն ինչ անում է Իրանին անկյուն մղելու հարցում և հայտարարել է, որ շարունակելու է նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցային ու մեկուսացման քաղաքականություն վարել: Իրանում մեծ հույսեր են կապում, որ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կհաղթի Դեմոկրատների թեկնածուն, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում կթուլանա լարվածությունը:

Դրա համար որոշակի հիմքեր կան: Մասնավորապես, վերջերս ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն ընդունեց մի բանաձև, որով ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ 2015թ. կնքված Միջուկային համաձայնագիր, ինչը նաև նշան է, որ 2020թ. նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության թեկնածուները  պետք է քայլեր ձեռնարկեն վերադառնալու Իրանի հետ միջուկային գործարք: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և բազմակողմանի ու երկկողմ դիվանագիտությունն օգտագործի Իրանի հետ կապված խնդիրների լուծման համար քաղաքական լուծումներ գտնելու նպատակով:

Իսկ ահա ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը 2020թ. նախագահական ընտրություններին հրեական լոբբիից մեծ աջակցություն ստանալու համար հնարավոր է էլ ավելի կոշտ քայլերի դիմի Իրանի հարցում: Այս ամենի համատեքստում առաջիկա մեկ տարում Իրան-ԱՄՆ հարաբերությունները հավանաբար էլ ավելի կլարվեն, իսկ մյուս կողմից էլ Իրանը կփորձի ավելի ջերմացնել հարաբերություններն այլ աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ:

Արմեն Վարդանյան

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս