«Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված անորոշությունները շատ են». Ստյոպա Սաֆարյան

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատեց ավելի վաղ տարածված լուրերն այս հանդիպման մասին: Հանդիպման օրակարգի, հնարավոր արդյունքների շուրջ

«168 Ժամը» զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

– Ի՞նչ պետք է հայկական կողմն ակնկալի առաջին պաշտոնական հանդիպումից՝ հաշվի առնելով այն օրակարգը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել Մադրիդյան սկզբունքների մեկնաբանությունների հստակեցման վերաբերյալ, և նաև հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաղորդագրությունը:

– Ես չեմ կարծում, որ պետք է մեծ սպասումներ ունենալ այդ հանդիպումից՝ դատելով վերջին շրջանի հայտարարություններից: Ըստ էության, եթե Ադրբեջանը ցանկանում էր ապացուցել, որ ինքը կողմ է առարկայական, բովանդակային բանակցություններին, ապա դրա լակմուսի թուղթը կար, դա Ղարաբաղի մասնակցությունն էր բանակցություններին, որովհետև ով՝ ով, բայց Ալիևը պետք է հստակ իմանա խաղի կանոնը, որը սահմանվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ինչպես նաև ընդհանուր պրակտիկայում, որ չեն կարող երրորդ անձինք որոշել մեկ ուրիշի ճակատագիրը, և այս պարագայում թեստն Ալիևը չանցավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ սրանից հայկական կողմը պետք է ուրախանա, որ հերթական անգամ Ալիևը ցույց տվեց իր ապակառուցողականությունը, և ըստ էության բոլորը պետք է մտածեն, որ ինքը հակված չէ բանակցային եղանակով խնդիրը լուծելուն:

Այդուամենայնիվ, հանդիպման հետ կապված անորոշությունները շատ են, որովհետև եթե ՀՀ ղեկավարությունն էլ մյուս կողմից հայտարարել է, որ մանդատ չունի բանակցելու Արցախի անունից և դա չի անելու, սա նշանակում է, որ առաջիկա հանդիպման հետ կապված շատ մեծ սպասումներ պետք չէ ունենալ: Պարզապես կլինի ևս մեկ նախապատրաստական հանդիպում բանակցություններին ընդառաջ, և՝ ոչ ավելին:

Եթե Ալիևն ուզում է այսպես անվերջ հանդիպումների շարք ունենալ, ապա դա կարող է անել, որովհետև դրանից խնդիրը չի լուծվելու, որովհետև ՀՀ ղեկավարն արդեն քանի անգամ շատ հստակ բացատրել է, որ ինքը չի խոսելու Արցախի կարգավիճակի շուրջ:

– Ի՞նչ կասեք Մադրիդյան սկզբունքների մեկնաբանությունների հստակեցման մասին:

– Ինչ վերաբերում է Մադրիդյան առաջարկների` վեց տարրերն ու երեք սկզբունքները միասնաբար դիտարկելուն, թերևս, ազատ են դա անել, բայց այստեղ ևս եկեք հաշվի առնենք, որ այդ պրոցեսում ևս ԼՂ մասնակցությունն է պետք, որովհետև, իհարկե, կարևոր է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նույնատիպ և ոչ սելեկտիվ մեկնաբանեն այդ ամենը և ընդունեն խնդիրը համապարփակ, հասկանան, որ բոլոր հարցերը սկզբունքային համաձայնություններ ձեռք բերելու ճանապարհով պետք է լուծվի: Բայց միևնույն է, այդ ամենը կարող է լուրջ ճեղքման կամ փոփոխությունների մասին խոսակցությունների հիմք դառնալ միայն այն դեպքում, եթե դրանց մեջ է Արցախի կողմը, քանի որ առանց Արցախի կողմի՝ ոչինչ չի ստացվի:

– Ըստ Ձեզ` ադրբեջանական հաշվարկն ու ակնկալիքը ո՞րն է, երբ Ադրբեջանը բացառում է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, իսկ հայկական կողմը պնդում է, որ չի բանակցի Արցախի փոխարեն:

– Ադրբեջանը հասկանում է, որ Արցախի մասնակցությամբ կարող է շատ բան փոխվել, նա ինքն իր հասարակությանը մատուցել է, որ ըստ էության սա իր համար դիվանագիտական հաղթանակ է, բավականին բարդ կլինի հրաժարվել այդ հաղթանակից: Թերևս, այստեղ դեմքը պահպանելու խնդիր կա, լիքը խնդիրներ կան, բայց սա որքան էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացվել է՝ որպես սեփական հաղթանակ՝ տարված այս բանակցություններում, այնուամենայնիվ մյուս կողմից էլ այն դարձել է փակուղի քաղաքական եղանակով խնդիրը լուծելու, որովհետև Հայաստանի հետ այդ խնդիրը չի լուծելու, և դա ակնհայտ է բոլորին:

– Իշխանությանը հակադարձող կարծիքներ են հնչում` ինչո՞ւ բանակցել, երբ հայկական կողմի հստակ պահանջը չի կատարվում, և իշխանությունը ստիպված նախկին ձևաչափով է շարունակելու բանակցել:

– Ի սկզբանե, կարծում եմ, բոլորի համար էլ պետք է պարզ լիներ, որ բանակցություններում այնպես չէր լինելու, որ ՀՀ ղեկավարությունն ինչ ուզենար և ինչպես ուզենար՝ այդպես էլ լինելու էր: Եթե այդպես լիներ, նախկին իշխանությունները ևս շատ բան փոխած կլինեին: Պետք է հասկանալ, որ, եթե Հայաստանի ղեկավարությունը երբևէ այդ սխալը թույլ է տվել՝ փոխելով ձևաչափը, դրա վերադարձն էլ հեշտ և մեկ օրում չի լինելու:

Պետք է զինվել համբերությամբ, և պարզապես որևէ հանդիպում՝ լիարժեք բանակցություն կոչվելու համար, պետք է ունենա նաև լիարժեք ձևաչափ, և որքան այդ խնդիրը լուծված չէ, այնքան տեղի ունեցողը կլինեն ընդամենը զրույցներ, մտքերի փոխանակություն և ընդամենը նախապատրաստություն բանակցությունների, և՝ ոչ ավելին: Ներկայումս սա է իրավիճակը, և պետք է աշխատել շատ հետևողական՝ հասկանալով, որ հեշտ չի լինելու Ադրբեջանին կարծր դիրքերից բերել այլ դիրքերի և ստանալ այն, ինչը խոսել է այս պահին: Այո, տակտիկական նշանակության խնդիր է, այն լուծում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք մեկ սեղանի շուրջ բոլորի ներկայությամբ բանակցելն է, բայց դրա համար ժամանակ է պահանջվելու:

Ով էլ լիներ-չլիներ իշխանության, նախորդ իշխանությունը թե այս իշխանությունը, դա ժամանակ էր պահանջելու: Հեշտ չէ:

Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հաջորդ օրերին կրկին հայտարարում էր, որ Բաքուն պարտավոր է խոսել Ստեփանակերտի հետ: Խիղճներս չկորցնենք և չասենք, որ սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն է, և նախորդ իշխանությունը չէր պահանջել: Այլ հարց է, որ այս խնդրի լուծումը՝ թե նախորդ, թե այժմյան իշխանությունների դեպքում, ժամանակ է պահանջում:

Տեսանյութեր

Լրահոս