Բաժիններ՝

«Գործն ընթացքի մեջ է, և մենք կփորձենք օրենքի շրջանակներում օգնել նրանց». համայնքապետը՝ քաղաքացու խնդրի մասին

Օրեր առաջ հրապարակում էինք պատրաստել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Մասիսի 11 տան բնակիչ Արամ Հարությունյանը ցանկանում է տարիներով մշակած հողը սեփականաշնորհել, բայց նրան թույլ չեն տալիս:

«Սովետական ժամանակներից այս անարդարությունը սկսվել է: Մենք պայքարում ենք մեր հողի համար: Մեր ընտանիքին 1988թ. օրենքով պետք է բաժին հասներ 1200քմ հող, քանի որ սկեսուրս և սկեսրայրս եղել են կոլխոզի աշխատողներ, սակայն հատկացվել է 800քմ, և քանի որ 800քմ-ի հետ համաձայն չի եղել ամուսինս, պետական գրանցում չի արել: Այդպես, կարգերը փոխվել են, եկել է նոր ղեկավար: 2011 թվականին մեր դիմումի կապակցությամբ Արտաշատի քաղաքապետարանից հայտնել էին, որ քաղաքապետարանը չի կարող բավարարել մեր խնդրանքը, քանի որ նշված հողատարածքը քաղաքային լճի կառուցման ժամանակ քաղխորհրդի գործկոմի կողմից իրացվել է:

Կադաստրում մեր անվան դիմաց, ասում են՝ ոչինչ չկա գրված, բայց ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե հողի հարկ ենք վճարել: Հարցնում եմ՝ բա ինչո՞ւ եմ գումար վճարել, պատասխանում են, թե՝ հողը մշակել ես: Բայց դա ի՞նչ կապ ունի: Իրենց մոտից վերցված քաղվածքում էլ, պարզ երևում է՝ 1100 քմ-ը գրված է: Հիմա ասում են, թե քաղվածքը պետք է անվավեր ճանաչեն»,- մեզ հետ զրույցում ասել էր Մասիսի 11 տան բնակիչ Լիանա Հովհաննիսյանը:

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց.

«Նախ ասեմ, որ հենց ես եմ առաջինը հանդես եկել ի շահ բնակիչների, ցանկացել եմ օրենքի շրջանակներում օգնել նրանց, որպեսզի ունենան սեփականության իրավունք, բայց այդ ամենի համար նրանք համապատասխան փաստաթղթեր չունեն: Այս պահին էլ գործն ընթացքի մեջ է, և մենք կփորձենք օրենքի շրջանակներում օգնել նրանց։ Նշված փողոցում կան մի քանի բնակիչներ, ովքեր նույն խնդիրն ունեն. վստահեցնում եմ, որ նրանք բոլորը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս