Բաժիններ՝

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. մարզիչների կարծիքները

Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պարտությամբ: Մրցակցի հարկի տակ մեր ընտրանին 2 գոլ բաց թողեց, իսկ վերջին րոպեներին մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը անվրեպ իրացրեց ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականը բնավ վատ տեսք չուներ՝ մրցակցի հետ համեմատությամբ, և չի կարելի ասել, որ եղավ մրցակցի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի այն կանխատեսումը, թե իրենք կապացուցեն իրենց ֆավորիտի կարգավիճակը:

Խաղավարտին այս հանդիպման մասին են խոսել գլխավոր մարզիչներ Արմեն Գյուլբուդաղյանցը և Ռոբերտ Պրոսինեչկին:

Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը նշում է, որ առաջին կեսում իրենք էին ակտիվ, իսկ երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը ավելի ակտիվացավ: Պրոսինեչկին կանխատեսել է, որ Հայաստանի ընտրանին լուրջ խնդիրներ կարող է ստեղծել մյուս մրցակիցների համար, քանի որ շատ բարդ մրցակից է:

Բոսնիայի հավաքականի մարզչին զարմացրել է Հայաստանի հավաքականը, հատկապես երկրորդ խաղակեսում:

Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ ինքը գոհ է տղաների ցուցադրած խաղից, սակայն դժգոհ է արդյունքից: Ըստ հավաքականի գլխավոր մարզչի՝ մրցակցին օգնության եկավ ստանդարտ դիրքը:

Հաշվի առնելով այդ հանդիպումը և գրանցված արդյունքը՝ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ հույս կարող ենք ունենալ, որ հավաքականը առաջիկայում ավելի լավ հանդես կգա:

Արմեն Գյուլբուդաղյանցը ևս նշում է, որ Հայաստանի հավաքականը լավ գործեց հատկապես երկրորդ խաղակեսում: Ըստ մարզչի, առաջին խաղակեսում հավաքականը լավ խաղաց, իսկ երկրորդ կեսում դաշտ դուրս եկան Բիասկոն և Բաբայանը, ինչը ավելի ակտիվացրեց թիմի ցուցադրած խաղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումը մարտի 26-ին է: Հայկական ընտրանին կհյուրընկալի Ֆինլանդիային:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս