Բաժիններ՝

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. կկարողանա՞ ազգային ընտրանին հաղթել ֆավորիտին

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլը Հայաստանի ազգային հավաքականի համար սկսվում է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ արտագնա խաղով: Նոր շրջափուլ, նոր պայքար և նոր սպասելիքներ: Ազգերի լիգայից հետո երկրպագուների սպասելիքները չարդարացան, կկարողանա՞ արդյոք հավաքականը վերջապես լավ արդյունքներ գրանցել նախընտրական փուլում, թե՞ ոչ:

Նախընտրական այս փուլում Հայաստանի ազգային ընտրանին ընգրկվել է J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Բոսնիա և Հերցեգովինա

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին, ինչպես և մենք, հայտնվել է մի խմբում, որտեղից հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները բավականին հավանական են: Ռոբերտ Պրոսինեչկիի սաները փորձելու են ամեն կերպ հաղթանակներ տոնել հատկապես սեփական հարկի տակ, և իրենց երկրի համար գրանցել պատմական արդյունք: Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը իր պատմության ընթացքում դուրս չի եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Բոսնիացիները հաղթեցին «Ազգերի լիգայի» իրենց խմբում` խաղալով Ավստրիայի (0:0) և Հյուսիսային Իռլանդիայի (2:0) հավաքականների հետ՝ բաց թողնելով միայն մեկ գնդակ:

Բոսնիայի հայտացուցակում շատ են եվրոպական առաջատար ակումբների ֆուտբոլիստները, բայց կազմի հետ խնդիր Պրոսինեչկին, ամեն դեպքում, ունի: Այս խաղին հայտավորված չեն Վրանեշը, Հայրովիչը և Բեգովիչը, ովքեր, սովորաբար, հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Հենրիխ Մխիթարյանի թիմակից Սաեդ Կոլաշինացը Բոսնիայի հավաքականի հայտացուցակում հայտնվել է վերջին պահին, քանի որ որոշ խնդիրներ ուներ:

Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի խոսքով՝ Հայաստանի հավաքականը խաղալու է լավ արդյունքների համար, և ինքը հետաքրքիր հանդիպում է սպասում: Մարզիչը նշել է, որ այս խաղում հավանական ֆավորիտը իրենք են, և իրենք փորձելու են ապացուցել դա դաշտում:

Բոսնիայի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Էդին Ջեկոն նշել է, որ շատ լավ է ճանաչում Հայաստանի ազգային հավաքականին և պատրաստ է պայքարել հայկական ընտրանու դեմ:

Ջեկոն նշել է, որ լավ ճանաչում է նաև Մխիթարյանին և շատ հավանում է նրա խաղը: Ջեկոն հույս ունի, որ նա խնդիրներ կստեղծի խմբի մյուս բոլոր մրցակիցների, բայց ոչ իրենց համար:

Հայաստան

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում հաջող հանդես չեկավ և 2 խաղում անըդմեջ գոլեր բաց թողեց Ջիբրալթարի ընտրանուց: Արդարության համար պետք է նշել, որ արտագնա խաղում Ջիբրալթարի հավաքականը ջախջախվեց 6:2 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նշում է, որ հավաքական են հրավիրել այս պահին լավագույն ֆուտբոլիստները: Հրավիրվել է նաև Յուրա Մովսիսյանը, ով, դժվար թե, մասնակցի խաղերին: Մովսիսյանը այժմ խնդիր ունի ակումբի հետ և ստաբիլ չի խաղում: Սակայն, Յուրան հրավիրվել է ազգային հավաքական, քանի որ, ըստ մարզչի, դեռևս շատ կարևոր է հավաքականի համար: Յուրան հավաքականի հետ է, քանի որ հավաքականը մեկ ընտանիք է: Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ հույս ունի, որ Մովսիսյանը կլուծի ակումբային կյանքի հետ կապված խնդիրները և մի քանի ամսից կրկին կխաղա հավաքականում:

Վնասվածքների պատճառով հայտավորված չեն հավաքականի առաջատարներից Մարկոս Պիզելին և Արթուր Սարկիսովը: Վերջին պահին վնասվածք է ստացել նաև հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, եթե Բեգլարյանը հասցնի ապաքինվել վնասվածքից, կմասնակցի մյուս խաղերին:

Հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը, և հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Վերջնական հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներն են՝ Գրիգոր Մելիքսեթյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Արմեն Մանուչարյան, Արտակ Գրիգորյան, Կարլեն Մկրտչյան, Պետրոս Ավետիսյան, Անդրե Չալըշըր, Էդգար Բաբայան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Նորբերտո Բրիասկո-Բալեքյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Հայրապետյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Կարապետյան, Հայկ Իշխանյան, Սարգիս Ադամյան, Արաս Օզբիլիս:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ թիմը կփորձի միասնական լինել դաշտում, կփորձի թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձի քիչ սխալվել և օգտագործել հնարավորությունները:

Գլխավոր մարզիչը նշում է, որ հիմա արդեն այն ժամանակներն են, երբ ֆավորիտ բառը այնքան էլ չի օգտագործվում, բայց աս խաղում Բոսնիա և Հերցեգովինան է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ:

«Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել:

Պետք է թիմային ֆուտբոլ խաղանք և եթե կարողանանք մեր լավագույն խաղը խաղալ, հաջողության կհասնենք:

Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք, առանց սխալների և փորձենք արդյունքի հասնել»:

Մրցակցին Հայաստանի ազգային հավաքականը լավ ուսումնասիրել է և գիտի, որ բոլոր դիրքերում էլ նրանք ունեն առաջատար ֆուտբոլիստներ: Բայց, ըստ Արմեն Գյուլբուդաղյանցի, մեր հավաքականում ևս քիչ չեն առաջատար և բարձր որակներով ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս