«Այդ պնդումն ընդհանրապես զուրկ է տրամաբանությունից». Գոռ Հովհաննիսյան

ՀՀ նախագահն օրերս Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այժմ խնդիրը տեղափոխվել է Ազգային ժողով:

Ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 12 տարի ժամկետով: ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Գերմանիայում իրավագիտական կրթություն և փորձառություն ձեռք բերած Գ.Հովհաննիսյանի մասնագիտական որակները որևէ կասկածի առիթ չեն տալիս, սակայն համացանցում պնդում է շրջանառվում, թե նա չի բավարարում ՍԴ դատավորի համար սահմանված մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառության պահանջին:

168.am-ը Գ.Հովհաննիսյանին խնդրեց կմեկնաբանել այս հանգամանքը:

«Այդ պնդումն ընդհանրապես զուրկ է տրամաբանությունից։ Եթե ես պահանջվող փորձառությունը չունենայի, ապա իմ դիմումը չէր ընդունվի, ինձ չէին հրավիրի հարցազրույցի, Նախագահն ինձ հետ չէր զրուցի, որովհետև ի սկզբանե կբացառվեր իմ թեկնածության առաջադրման հնարավորությունը։ Չէ՞ որ ոչ մի իմաստ չունի այս բոլոր ընթացակարգերով անցկացնել մի մարդու, ում թեկնածությունն ի սկզբանե բացառվում է։ Նույնն է, որ, օրինակ, 35 տարեկանի դիմումն ընդունել, բոլոր ընթացակարգերն անցնել, հետո ասել՝ դու 40 տարեկան չկաս»,- պատասխանեց Գ.Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ այդ պնդումն ուղղակի աբսուրդ է։ Գ.Հովհաննիսյանը նկատեց, որ պահանջվող փորձառությունը հաստատվում է աշխատանքային պայմանագրերով, ոչ թե կենսագրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս